
ՀԱՄԱՍ-ը մերժել է մեկ շաբաթով հրադադար հայտարարելու Իսրայելի առաջարկը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է Իսրայելի իշխանությունների՝ տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց մեկ շաբաթով մարտական գործողությունների դադարեցման առաջարկը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին։
Թերթի զրուցակիցները պնդում են, որ Իսրայելը ձգտում է հասնել 40 պատանդի ազատ արձակմանը՝ ներառյալ այնտեղ մնացած բոլոր կանանց ու երեխաներին, որոնք պատանդառվել էին հոկտեմբերի 7-ին։ Իսրայելական ցուցակում են նաև տարեց տղամարդիկ, որոնք շտապ բուժօգնության կարիք ունեն։
Փոխարենը, ինչպես նշում են եգիպտացի պաշտոնյաները, Իսրայելն առաջարկել է Գազայի հատվածում մեկ շաբաթով դադարեցնել ցամաքային ու օդային գործողությունները ու թույլատրել պաղեստինցիներին հասցնել հումանիտար օգնություն։
Ինչպես նշում է WSJ-ը, բանակցություններին առաջին անգամ պետք է մասնակցեին «Իսլամական ջիհադ»-ի ներկայացուցիչները, որը Գազայի հատվածում, ՀԱՄԱՍ խմբավորումից հետո, երկրորդ խոշոր պաղեստինյան խմբավորումն է։
«Իսլամական ջիհադ»-ը պնդում էր, որ Իսրայելը, մինչև բանակցությունների մեկնարկը, դադարեցնի մարտական գործողությունները։
Խմբավորումը նաև պահանջել է, որ Իսրայելը, Գազայի հատվածում պահվող ավելի քան 100 պատանդի դիմաց, բանտերից ազատ արձակի «Իսլամական ջիհադ»-ի բոլոր անդամներին, այսինքն՝ մի քանի հազար մարդու։
Դեռ դեկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Գազայի հատվածում պահվում է 137 իսրայելցի։ Պատանդների թվում, ինչպես գրում է The Wall Street Journal, կա 19 կին և 2 երեխա։
Լուսանկարը՝ The New York Times-ի
Մեկնաբանել