
ՏՏ սկսնակ ընկերություններին պետական աջակցություն տրամադրումը առաջարկվում է երկարաձգել ևս մեկ տարով
Գործադիրը դեկտեմբերի 21-ին հավանություն է տվել ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու նպատակով օրենսդրական փոփոխությունների առաջարկին: Փոփոխությունները պետք է կատարվեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներում։
Ըստ հիմնավորման՝ օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: 2023 թվականին հավաստագրվել է 1633 ընկերություն։
Օրենքի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտ են համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք ևս կարող են դիմել, ստանալ հավաստագիր և արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թ.-ից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն։
Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արտոնություն նախատեսելով միայն եկամտային հարկի 10% տոկոսի չափով:
Լուսանկարը՝ կառավարության
Մեկնաբանել