HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զանգվածային հարձակում Պրահայում. կա 14 զոհ ու ավելի քան 20 վիրավոր

Դեկտեմբերի 21-ին Կառլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում, որը գտնվում է Պրահայի Յան Պալախի հրապարակում, հրաձգություն է տեղի է ունեցել։ Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է 14 մարդ, ավելի քան 20 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դասախոսներից մեկը պատմել է, որ Կառլովի համալսարանի շենքում կրակոցները հնչել են դասերի ժամանակ։ «Համալսարանում դասախոսություն էի կարդում, երբ շենքում կրակոցներ հնչեցին, ապակիները դղրդում էին։ Հետո շատ բղավոցներ եղան, հատուկջոկատայինները ներխուժեցին լսարան և ստուգեցին տարածքը»,- հայտնել է Սերգեյ Մեդվեդևը։ Վերջինիս խոսքով՝ դրանից հետո նա իր ուսանողների հետ բարիկադավորվել է լսարանում, իսկ ավելի ուշ նրանց տարհանել են։ «Մեր ուսանողները բոլորը ողջ են, բայց աստիճանների վրա շատ արյուն կար, բժիշկներ, պատգարակներ»,- հավելել է նա։

Սոցիալական ցանցերում տարածվել են նաև ականատեսների լուսանկարները։ Նրանք ֆիքսել էին մի խումբ մարդկանց, որոնք հրաձգության ժամանակ բարձրացել էին համալսարանի շենքի քիվի վրա: Հավանաբար, այդպես ուսանողները կամ հաստատության աշխատակիցները փորձել են թաքնվել հրաձգություն բացած անձից։ Մեկ այլ տեսանյութում էլ, որը նկարահանվել է Պրահայի կենտրոնում, մարդիկ փախչում են՝ ենթադրաբար կրակոցների ձայներ լսելով։

Համալսարանում գտնվող բոլոր անձանց տարհանել են։ Իրավապահ մարմինների աշխատակիցները զննել են համալսարանի շենքը՝ պայթուցիկ սարքերի որոնման նպատակով։ Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և հարակից տարածքները։ Հասարակական տրանսպորտն էլ սկսել է շրջանցել այդ հատվածը։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը, որի ինքնությունը պաշտոնապես չի բացահայտվում, «ոչնչացվել է»։ Պրահայի քաղաքապետ Բոգուսլավ Սվոբոդայի տվյալներով՝ հրաձիգը ցատկել է բարձրությունից ու մահացել։ Հայտնի է, որ նա միայնակ է եղել։

Պալախի հրապարակում գտնվող «Ռուդոլֆինում» պատկերասրահի տնօրեն Պետր Նեդոման պատմել է, որ հրաձիգը զինված է եղել ավտոմատի տեսք ունեցող զենքով։ «Նա հաճախ էր կրակում, ոչ մեծ դադարներով»,- հավելել է տնօրենը։ Ականատեսները նաև պատմել են, որ հրաձգության ժամանակ պայթյուններ են լսել։

Novinky.cz պարբերականը գրում է, որ հրաձիգը կարող է լինել համալսարանի 24-ամյա ուսանող Դավիդ Կոզակը։ Պրահայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից ոչ շատ առաջ ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ կապված Կլադնենսկի շրջանի գյուղերից մեկում մարդու սպանության հետ: Ընդ որում, Կոզակի նկատմամբ հետախուզում հայտարարելով՝ ոստիկանությունը հստակեցրել էր, որ վերջինս կարող է զինված լինել։

ԶԼՄ-ները ուշադրություն են դարձրել տելեգրամյան ալիքներից մեկին, որը, ենթադրաբար, կարող էր վարել հրաձիգը։ Այն ստեղծվել էր դեկտեմբերի սկզբին։ Առաջին գրառման մեջ հեղինակը գրել է. «Սա կլինի իմ օրագիրը, քանի որ ես գնում եմ սքուլշութինգի (զինված հարձակում դպրոցի վրա, խմբ.)»: Հաջորդ օրը տելեգրամյան ալիքի հեղինակը հայտարարել էր, որ իրեն ոգեշնչել է Ալինա Աֆանասկինան, ով դեկտեմբերի 7-ին կրակ էր բացել Բրյանսկի գիմնազիայում։

Ոչ մի ապացույց չկա, որ տելեգրամյան այդ ալիքն իսկապես պատկանել է Պրահայի կենտրոնում հրաձգություն սկսած անձին։ Միևնույն ժամանակ, «Осторожно, новости» տելեգրամյան ալիքը նշում է, որ տվյալ ալիքի հեղինակները վերջին պահին կարող էին փոխել դրա անվանումը:

«Новая газета. Европа»-ն, հղում անելով ուսանողներից մեկի ընկերուհուն, գրում է, որ հիմա ոստիկանությունը փորձում է գտնել հրաձիգի կնոջը։ «Հրաձիգի անունը Դավիդ Կոզակ է։ Դա այն է, ինչ ես ստացել եմ երկու տարբեր աղբյուրներից։ Նա սպանել է իր հորը, ոստիկանությունն իր նկուղում հայտնաբերել է զենքն ու ռումբերը»,- հայտարարել է պարբերականի զրուցակիցը։

Տեղի ունեցածի կապակցությամբ Չեխիայի նախագահ Պետր Պավելը ընդհատել է Ֆրանսիայում իր հանդիպումները ու շտապ վերադարձել Չեխիա: Միևնույն ժամանակ երկրի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ ողբերգական իրադարձությունների լույսի ներքո ինքն արդեն չեղարկել է իր մասնակցությամբ նախատեսված բոլոր միջոցառումները:

Թարմացում՝ ի սկզբանե նշվում էր, որ զոհերի թիվը 15 է, սակայն դեկտեմբերի 22-ի կեսօրի դրությամբ զոհերի թիվը 14 է։ Վիրավորների թիվն էլ 25 է։

Կոլաժը՝ The New York Post-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter