
ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը (մաս 3)
ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը․ մաս 1
ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը. մաս 2
«Արդարության» և «ժողովրդավարության» լոզունգներով իշխանության բերված Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և Փաշինյանն անձամբ, ի թիվս բազում այլ անօրինությունների, իմ հարցով եւս շարունակեցին և շարունակում են արդարության կոպտագույն ոտնահարման վարքագիծը:
Ոստիկան Մկրտչյանի սպանության գործով Առաջին ատյանի կողմից իմ արդարացման վճիռը խառնել էր բոլորի հաշիվները: Անհրաժեշտ էր ամեն գնով նրա «սպանության» մեղքը շարունակել բարդել իմ վրա, այլապես դավադրությունը բացահայտվելու էր և դրա մեջ ներգրավված բազմաթիվ մարդիկ հայտնվելու էին չափազանց անմխիթար վիճակում: Ինչպես արդեն նշել եմ, դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկեց առաջին ատյանի արդարացման վճիռը:
Դավադրության հեղինակների համար չափազանց կարեւոր էր նախօրոք ապահովել իրենց ցանկացած արդյունքը: Այսպես է որ, նախ, Վերաքննիչ ատյանի կազմը, անօրինական խարդավանքներով (որոնց անդրադարձել են իմ պաշտպանները) մի քանի ամսվա ընթացքում երեք անգամ փոխվեց: Ինչպես անունն է հուշում, Վերաքննիչ դատարանը պետք է գործը վերստին քններ և ապացույցների առկայության կամ բացակայության հենքով որոշեր իմ մեղավոր լինել կամ չլինելը: Սակայն կեղծիքներով և ճնշումներով ստացված սկզբնական «ապացույցները» փլուզվել էին, իսկ նոր «ապացույցներ» պարզապես չէին կարող գոյություն ունենալ:
Ուստի ի գործ դրվեց ծրագրված ու նենգ աճպարարություն:
Գործող դատական օրենսգիրքը Վերաքննիչ դատարանին իրավասություն էր տալիս ինքն իրեն տալ Վճռաբեկ դատարանի կարգ և գործը վարել այդ կարգավիճակով: Բայց նույն օրենսգիրքը պահանջում էր, որ Վերաքննիչի կողմից տվյալ գործը Վճռաբեկի կարգով վարույթ ընդունելու որոշման տակ պետք է լինի ատյանի առնվազն երեք դատավորի ստորագրություն:
Մյուս կողմից, հայտնի է, որ Վճռաբեկ դատարանը գործի վերաքննություն չի կատարում: Նա վճռում է, թե ստորադաս դատարանի վճիռը համապատասխանե՞լ է իրավունքին և օրենսդրության թե ոչ: Դրական պատասխանի դեպքում ստորադաս ատյանի որոշումը մնում է ուժի մեջ: Իսկ բացասականի դեպքում Վճռաբեկը ոչ թե գործով մեղադրված անձի նկատմամբ վճիռ է կայացնում, այլ գործը վերադարձնում առաջին ատյան՝ նոր քննության:
Իմ պարագայում, Վերաքննիչը դիմեց կոպտագույն խախտումների և անարդարության: Նախ, գործը Վճռաբեկի կարգով վարույթ ընդունելու որոշումն ստորագրեցին ոչ թե երեք, այլ ընդամենը մեկ դատավոր:
Ապա, Վերաքննիչ դատարանն առանց վերաքննության բավարարեց իմ արդարացման դեմ դատախազության ներկայացրած բողոքը, բայց փոխանակ գործը նոր քննության համար վերադարձնելու առաջին ատյան, առանց որեւե ապացույցի ինձ «մեղավոր» ճանաչեց և դատապարտեց 25 տարվա ազատազրկման:
Ամբողջ բեմադրության նպատակը հենց դա էր:
Հետո, այդ խայտառակության դեմ ներկայացված բողոքը իսկական Վճռաբեկ դատարանը նույնիսկ վարույթ չընդունեց:
Ինչպես մինչեւ 2018 թվականը, նույնպես դրանից հետո և մինչեւ այսօր այս խայտառակությունը վայելել և վայելում է քաղաքական ատյանների հովանավորությունը: Եթե մինչեւ 2018 թվականը դա Սերժ Սարգսյանի դեմքով իշխանությունն էր, ներկայում Նիկոլ Փաշինյանի դեմքովն է:
Վերաքննիչ դատարանի վճռից հետո իմ ընկերը պաշտոնական նամակով դիմեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, գործի նախաքննությունից սկսած, դատախազությամբ շարունակված և Վերաքննիչ դատարանով ավարտված գործողությունների իրավաչափությունը քննության ենթարկելու կարգադրություն անելու ակնկալիք-պահանջով:
Դրան հաջորդեց անհեթեթությունների մի ամբողջ շարան:
Կառավարության աշխատակազմն այդ դիմումը մակագրեց ... դատախազության, այսինքն այն մարմնին, որի գործողությունների իրավաչափության քննությունն էր ակնկալվում:
Այսինքն մեղավորին տրվում էր իր գործով դատավորի գործառույթ: Իհարկե պարզ է, թե ինչ կարող էր լինել դատախազության պատասխանը:
Բայց անհեթեթությունը դրանով չէր ավարտվում: Դատախազության պատասխանը ստորագրել էր ոչ այլ ոք, քան ... իմ իսկ գործով դատախազությունը ներկայացրած երկու գլխավոր դատախազներից մեկը՝ Արամ Արամյանը:
Իմ ընկերը երկրորդ պաշտոնական նամակով դիմեց Նիկոլ Փաշինյանին, մատնանշելով այս անհեթեթությունները և վերստին խնդրելով համապատասխան քննության կարգադրություն անել: Աշխատակազմը դիմումը ... նորից մակագրեց դատախազության և վերջինի կողմից ... նորից պատասխան ստացվեց միեւնույն Արամ Արամյանից:
Ապա, այդ պաշտոնական նամակագրությունից որոշ ժամանակ անց ես տեղեկացվեցի, որ այդ դիմումը նույնպես առձեռն հանձնվել է Նիկոլ Փաշինյանին: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ եղել է սպանություն, հետևաբար նա չի միջամտելու:
Նոր նշանակված Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նույնպես հրաժարվել է քննարկել իմ հարցը և կրկին ստացվել է մերժողական պատասխան միևնույն Արամ Արամյանի ստորագրությամբ:
Կասկած չկա, որ Փաշինյանի օրոք ոչ միայն դատախազությունն ու դատական կոչվող համակարգը, այլեւ քաղաքական իշխանությունը և Փաշինյանն անձամբ հովանավորում են իրավունքի ու օրենքի բռնաբարումը և անարդարությունը:
Սերժի օրոք սկսած օրինախախտ գործողությունների գլխավոր կատարածուները Փաշինյանի օրոք ոչ միայն շարունակել են պահպանել իրենց պաշտոնները, այլ ստացել են պաշտոնի բարձրացում: Իմ վրա «սպանության» մեղադրանքը կարած ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը Նիկոլի կողմից նշանակվել է Հակակոռուպցիոն Կոմիտեի պետի տեղակալ: Իմ գործով դատախազությունը ներկայացնող երկու գլխավոր դեմքերը՝ Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանն ստացան պաշտոնի բարձրացումներ եւ այլն:
Ակնհայտ է, որ պատահականություն չէ, այլ օրինաչափություն Սերժի և Նիկոլի իշխանությունների օրոք ոչ մի սպանություն չի բացահայտվել: Սպանություններ կազմակերպած և կատարած անձինք շարունաում են վայելել հովանավորչություն, քանի որ սպանությունների կազմակերպիչները հենց իշխանություններն են:
Օրենքի գերակայության և արդարության մասին Փաշինյանի և նրա դատախազ Վարդապետյանի վերջ չունեցող ճամարտաբանությունները մեկ առ մեկ կրկնում են Սերժին և նրա դատախազներին: Ակնհայտ է, որ Սերժին և Նիկոլին կապում է նույն ծրագիրը և նույն սցենարիստը:
Հիշեցում.
«Սասնա ծռեր» խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո Նիկոլ Փաշինյանն առաջինն էր այցելել ոստիկանների կողմից արգելափակված այդ տարածք, հանդիպումներ ունեցել խմբի անդամների հետ ու հետո արդեն խմբին սատարելու եկած քաղաքացիների և իր խմբակի հետ գտնվում էր Խորենացի փողոցում և հայտարարում` «ինձ համար անընդունելի են նաև այն ձևակերպումները, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել ահաբեկիչ», ««Սասնա ծռեր» խմբի տղաները ահաբեկիչներ չեն»:
Փաստորեն այդ ժամանակ նրան վերապահված էր գործառույթ` մեզանից անմիջապես հետո մուտք գործել ՊՊԾ, հայտարարել, որ մեզ սատարում է, և ստանձնել հարթակի ու փողոցի ղեկավարումը:
Ժիրայրը և Նիկոլը նախապես մշակված սցենարով հրաշալի ծառայություններ մատուցեցին Սերժին: Սերժը 2016 թվականի օգոստոսի 1-ին հայտարարեց` «երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, մենք այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած»:
Իրոք որ, դաժան է, բայց ճշմարիտ Սերժը ամեն անգամ սպանություններից հետո դուրս է եկել ուժեղացած:
Հաջորդիվ` Նիկոլ Փաշինյանի բենեֆիսը Խորենացի փողոցում և նրա հայտարարությունների մասին ՊՊԾ գնդի գրավման օրերին (2016 թվական հուլիսի 17-31)
Արմեն Բիլյան
«Արմավիր» ՔԿՀ
22 դեկտեմբեր, 2023 թվական
Մեկնաբանել