HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը. մաս 2

Ժիրայր Սեֆիլյանի մեղսակցությունը և նրա կապը Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ

(Սկիզբը այստեղ)

Ոստիկան Մկրտչյանի վիրավորման ու հետո մահվան ինձ վերագրումը, երբ անխտիր բոլորին հայտնի էր իսկական վիրավորողի ինքնությունը, երկու բացատրություն կարող էր ունենալ: Կամ իսկական վիրավորողը  հատուկ ծառայությունների դրածոն, հովանավորյալն էր, կամ էլ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա Ծռեր» խմբի մեկ-երկու առանցքային անդամներ, կաշառված լինելով, իրենց հերթին կաշառել էին համապատասխան օղակներին: Չկա այլ տարբերակ: Նույնիսկ առաջին տարբերակը Ժիրայրի ու իր ընկերների դավաճանությունն ու մեղսակցությունը չի մեղմացնում, ընդհակառակը, ավելի է ծանրացնում, որովհետեւ այդ դեպքում իրենց լռությամբ և իսկական վիրավորողի համառ պաշտպանությամբ նրանք գիտակցաբար պաշտպանում են դրածո անձին, ինչն անխուսափելիորեն այլ հետեւությունների է հանգեցնում: 

Եթե Ժիրայրենց՝ իմ նկատմամբ դավադրության հեղինակը կամ առնվազն մեղսակիցը լինելու փաստը կարող էր դեռ այդքան հստակ չլինել առաջին շրջանում, 2018 թվականից հետո դա արդեն անհերքելի էր: 

Երբ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Սասնա Ծռերի» անդամների (բացի սպանությամբ մեղադրված երկուսի, որոնցից մեկը ես) խափանման միջոցները հերթով փոխվում էին ու նրանք, ներառյալ իսկական վիրավորողը, ազատ արձակվում, Պավլիկ Մանուկյանը թե' Ժիրայրի և թե' խմբի մյուս անդամների մոտ բարձրացրեց իմ ճակատագրի հարցը, պահանջելով զինակից ընկերոջ, այսինքն ինձ գիտակցաբար քավության նոխազ չդարձնել, չվաճառել, չդավաճանել: Ժիրայրն ամեն միջոցի դիմեց հարցն անփոփոխ պահելու, Պավլիկին տարհամոզելու համար: 

Մինչ այդ նրանց թվում էր, որ կհաջողվի անհայտ պահել իսկական կրակողի ինքնությունը, և բոլորի մոտ տպավորություն կլինի, որ քննիչներին չի հաջողվել բացահայտել կրակողին և վերջինները, իրենց թերացումը ծածկելու համար, պատահական հավանականությամբ ինձ են վերագրել Մկրտչյանի վիրավորումը: 

Երբ իմ մայրը Ժիրայրին հայտնեց, որ իրեն հայտնի է իսկական կրակողի ինքնությունը, տալով նրա անունը, հայտնելով որ ինքը դա իմացել է դեպքին ներկա խմբի անդամներից մեկի մորից, Ժիրայրը միաժամանակ հանկարծակիի եկավ, այլայլվեց և չկարողացավ պահել բարկությունը:

Դավադրությունն ու դավաճանությունը բացահայտվում էին: Երբ խմբի մյուս անդամների պաշտպաններից մեկը մինչեւ այսօր Ժիրայրենց «գործերի» գլխավոր «փաստաբան» հանդիսացող Արայիկ Պապիկյանին հռետորական հարց տվեց, թե ի՞նչ բացատրություն ունեն Արմեն Բիլյանի նկատմամբ իրենց պահվածքի կապակցությամբ, Պապիկյանն առանց անմեղանալ փորձելու նրան պատասխանեց «Մենք Արմենին պատուհան թողել ենք»: 

Երբ իմ հանրային պաշտպանից բացի հասարակական հիմունքներով իմ պաշտպանությունն ստանձնեց նաեւ  այլ փաստաբան, Ժիրայրը խիստ մտահոգվեց և տարբեր պատրվակներով և ուղիներով փորձեց ինձ համոզել հրաժարվել նրանից: Մինչ այդ և դրանից հետո նա և նրա մեղսակիցները ոչինչ չէին արել և չարեցին, որ ես, սպանության լրջագույն հոդվածով մեղադրվածս, մյուսներից շատերի նման մասնավոր հեղինակավոր պաշտպան ունենամ: 

Մյուս կողմից, ընդհանուր գործում ներգրավված 5 պաշտպաններ ըստ իրենց նախնական որոշման պետք է ներկա գտնվեին և մասնակցեին ոստիկան Մկրտչյանի դատաբժշկական փորձաքննությանը, բայց ներկա չգտնվեցին և «փորձաքննությունն» անցավ առանց որեւե պաշտպանի ներկայության: Ինչո՞ւ վերջին պահին նրանցից ոչ ոք ներկա չգտնվեց: Ինչ հանգամանքներ և ովքեր պետք է քողարկվեին այդ «փորձաքննության» ընթացքում: Հարցեր են, որոնց պատասխանները դեռ պետք է տրվեն: Ասեմ սակայն, որ այդ պաշտպաններից մի քանիսը Վարուժան Ավետիսյանի անձնական ընկերներն ու ծանոթներն էին, իսկ իմ նկատմամբ դավաճանության գործում Վարուժանի դերակատարությունը, Ժիրայրի կողքին, կենտրոնական է եղել: 

Իսկ երբ իր բոլոր փորձերի ու հորդորների ձախողումից հետո Պավլիկը դատարանին հայտնեց իսկական կրակողի անունը, Ժիրայրն ու իր ընկերները, իրենց դավաճանությունը մեղմել փորձելու համար Պավլիկին ու ինձ հայտարարեցին «դավաճաններ», «իշխանությունների հետ գործարքի գնացածներ», «ծախվածներ» եւ այլն: 

Ժիրայրը հանդիպեց հիվանդ մորս, նրա վրա ձայն բարձրացրեց, նրան կոպտեց: Բացի ինձնից, նրանք ամիսներ շարունակ ստոր արշավ ծավալեցին ծանր հիվանդ քրոջս դեմ: Նրանց հետ բոլոր կապերը խզվեցին: Նրանք թողնվեցին մենակ: 

2021 թվականի փետրվարի 24-ին Առաջին ատյանը, անհերքելի հիմնավորումներով ինձ արդարացրեց ոստիկան Մկրտչյանի սպանության մեղադրանքից: Դա խառնեց Ժիրայրի ու նրա ընկերների և նրանց տերերի հաշվարկները: Դատարանն այդ գործը վերադարձրեց դատախազություն, պահանջելով նոր քննություն: Ոչ միայն ես արդարացվել էի, այլ նոր քննությունը բացահայտելու էր իրենց դավաճանությունն ու խարդավանքները և նույնիսկ ավելին` նրանց տերերին: Նրանք անցան նոր ստոր գրոհի: Նախ, իմ արդարացումը վերագրեցին իմ կողմից իբր իշխանությունների հետ նոր «գործարքի»: Փոխանակ իրենց զինակից ընկերոջ նկատմամբ կեղծ մեղադրանքի վերացումը և արդարության հաստատումը ողջունելու, նենգորեն այն փորձեցին որակել գործարք:

Գործարքների և խարդավանքների հմուտ վարպետը Ժիրայրն է: Իր գործարքային «արկածախնդրությունների» պատճառով նա 2018 թվականի մարտին դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման: Իշխանափոխությունից հետո նրա խափանման միջոցը փոխվեց և հունիսին նա ազատ արձակվեց: Հրաշագործ` գործարքի վարպետի համար Վերաքննիչ դատարանը նրա ազատազրկման ժամկետը կրճատեց 5,5 տարվա, իսկ 2019 թվականի վերջին Վճռաբեկ դատարանը համաներման կիրառմամբ նրա «գործը» ամբողջությամբ կարճեց և նա դարձավ «ազատ քաղաքացի»: Նույն տարին, երբ նրա դատվածությունը դեռ չէր մարել նա ստացավ իր համար այնքան բաղձալի Հայաստանի քաղաքացիություն: Հիշեցնեմ, այս բոլորը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի օրով: Այս գործարքի Ժիրայրի վերնագիրն էր` «Նեցուգ ենք Նիկոլին, թիկունք ենք Նիկոլին, մեր միջեւ սեփ չխրվի»:  

Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանությունների հետ գործարքի գերազանց օրինակ: Սա այն դեպքում, երբ նույն Վճռաբեկ դատարանը նույնիսկ վարույթ չընդունեց Վերաքննիչ դատարանի կողմից ամենակոպիտ խախտումներով և անարդարությամբ արձակած վճռի դեմ իմ և իմ պաշտպանների բողոքը: Սա այն դեպքում, երբ նրա՝ Ժիրայրի, առնվազն 2006 թվականից բազում «արկածախնդրություններին» միամտորեն հավատացած բազմատասնյակ մարդիկ գտնվել և կամ գտնվում են ազատազրկման մեջ: 

2021 թվականի փետրվարի Առաջին ատյանի վճռից հետո թե' իմ և թե' խմբի դատված մյուս անդամների գործերը գնացին Վերաքննիչ ատյան: Դատախազությունը բողոքարկեց բացառապես իմ արդարացման վճիռը: Մյուսների վճիռների նկատմամբ բողոք չուներ: Մյուսներն ստացել էին 8,5-ից 10,5 տարի ազատազրկման վճիռներ և բողոքում էին դրանց դեմ: Ի դեպ, ամենակարճ, 8,5 տարվա վճիռ էր ստացել Մկրտչյանին վիրավորողը, ով ամբողջ նախնական կալանքի ժամկետը գտնվել էր ԱԱԾ-ի մեկուսարանում, այսինքն ապահով վայրում: Նա, ով եղել էր նաեւ բանկոմատի տխրահռչակ կոտրման գլխավոր իրականացնողը, «հրաշքով» զերծ էր մնացել նաեւ այդ մեղադրանքից, մինչդեռ ես և ուրիշներ, ովքեր ոչ մի մասնակցություն չէինք ունեցել այդ դեպքի հետ, իմ պարագայում նույնիսկ իմ զայրույթն էի արտահայտել դրա դեմ, մեղադրվել էինք դրանում: Սա՝ ի լրումն այդ անձի նկատմամբ հատուկ վերաբերման:

Գործի Վերաքննիչ դատարանի վարույթում գտնվելու շրջանում եւս Ժիրայրն ու նրա կամակատարներն իրենց սեւ գործը շարունակեցին: Շատ կարեւոր էր լինելու դատավորների կազմը: Դատախազության և Ժիրայրի համար անհրաժեշտ էր ունենալ առնվազն իմ պահով իրենց «սրտի դատավորները»: Դատավորների կազմը երեք անգամ, օրենքի խախտումներով (որոնց անդրադարձել են իմ պաշտպանները), փոխվեց, մինչեւ եկավ «սրտի» կազմը, որը  ամենակոպիտ խախտումներով, տվեց իմ 25 տարվա ազատազրկման վճիռը: Հաջորդիվ կանդրադառնամ դրան: Բայց այստեղ կարեւոր ասելիքս այն է, որ կազմի փոփոխության մեջ իրենց դերակատարությունն ունեցան Ժիրայրն ու խմբի նրա մանկլավիկ անդամները: Նրանք տարբեր պատճառաբանություններով անվստահություն էին հայտնում առաջին կազմի նկատմամբ և, կոռումպացված համակարգի մասնակցությամբ, հասան իրենց նպատակին: 

Իսկ նպատակը հետեւյալն էր. ամեն գնով ապահովել կեղծ վարկածի սպասարկումը` ահաբեկչի կողմից ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանություն: Իսկ ահաբեկչություն կատարող նշանակել ինձ:

Ես չէի մտել ՊՊԾ գունդ մարդ սպանելու համար, և ես մարդ չեմ սպանել, ես գիտեի որ կարող եմ ինքս սպանվել: Ես մտել էի ՊՊԾ գունդ երեք պահանջով` Սերժի հրաժարական, չհանձնել հողերը և Ժիրայրի ու մնացած քաղբանտարկյալների ազատում: Ես պատրաստ էի զոհվել այդ երեք պահանջների համար: Բայց պարզվեց այդ պահանջները այլեւս արդիական չէին Ժիրայր Սեֆիլյանի համար: Սերժ Սարգսյանի լիազորված անձ` Վիտալի Բալասանյանի միջոցով Ժիրայրը իր ապահով բանտի խցից հեռախոսով մեզ փոխանցեց հանձնվել ոստիկանությանը: Ինչու մենք պետք է մտնեինք ՊՊԾ գունդ, ինչու պետք է զոհվեին ոստիկանները, ինչու մենք պետք հանձնվեինք ոստիկաններին այս հարցերի պատասխանները պետք է տան Սերժը և Ժիրայրը:

ՊՊԾ-ից դուրս գալուց հետո պետք է իմանայի, որ մեր՝ գունդ մտնելուց օրեր անց արդեն Ժիրայրը հրաժարվել էր Սերժի հրաժարականի պահանջից և, մեզանից պահանջելով հանձնվել՝ հրաժարվել նաեւ մեր գունդ մտնելու իր գաղափարից և ծրագրից: Բավականին ուշ պետք է հասկանայի, որ իրականում ոչ' նման ծրագիր էր եղել, ոչ' նման գաղափար: Մեզ ուղղակի օգտագործել էին:

Հետո պետք է պարզվեր, որ ամեն ինչ վերահսկվել էր հենց Սերժ Սարգսյանի կողմից: Սերժի հատուկ ծառայությունները, մեղմ ասած, մանրամասն տեղյակ էին պետական կառույցներ գրոհելու ծրագրից, չասելու համար՝ թե դա իրենց մշակածն էր: Դա անհերքելիորեն բացահայտվեց թե' Ժիրայրի, թե' «Սասնա Ծռերի» գործով դատավարության ընթացքում ծառայությունների դրածոների ցուցմունքներով և բազուն այլ ապացույցներով: Բայց անհրաժեշտ էր Ժիրայրին «մաքուր» դուրս բերել: Այդ պատճառով նա ձերբակալվեց մինչեւ գնդի գրավումը, իսկ հետո, ինչպես տեսանք, վերագտավ իր ամբողջական ազատությունը, մինչդեռ գունդը գրավողները (գոնե մեկ մասը) շարունակում են մնալ ազատազրկված: 

Ստացվում է, որ առաջինը Սերժ Սարգսյանին էր ձեռնտու մեր ՊՊԾ գունդ մտնելը: Դա նրան պետք էր Արցախյան հարցում իր մանիպուլացիաների համար: 

Պատահական չէր նաեւ մեզանից ժամեր անց ՊՊԾ գունդ Նիկոլի մուտքը ապահովելը և մեր գործողության ժողովրդային աջակցման գործընթացում նրան առանցքային դերակատարություն տալու փորձը: Անհրաժեշտ էր տեղում և ուղիղ եթերով Նիկոլի միջոցով նաև ապակողմնորոշել իր կողմից վերահսկվող պրոցեսի հետագա ընթացքը:

Հաջորդիվ` Նիկոլ Փաշինյան նաեւ իմ հարցում նախկինների շարունակություն 

Արմեն Բիլյան

«Արմավիր» ՔԿՀ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter