
«Եվրոպական դատարանը կալանքի վերաբերյալ հիմնարար որոշումներ կայացրեց»
Իրավաբանների գնահատմամբ՝ Եվրոպական դատարանը «Կամո Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության» գործով հիմնարար որոշումներ կայացրեց: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը ավազակային հարձակման մեջ մեղադրվող Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի նկատմամբ շարունակական կալանքի որոշումներ էր կայացրել՝ սկզբում նախաքննության ժամանակ, ապա գործը դատարան ուղարկելուց հետո: «Հետքն» այս գործին անդրադարձել է: Ծանր հանցագործության մեջ մեղադրվող Կ. Փիրուզյանը կալանավորվել էր 2006թ. հոկտեմբերի 19-ին եւ կալանքի տակ էր պահվել մինչեւ 2007թ. դեկտեմբերի 5-ը, այսինքն, մինչեւ այն ժամանակ, երբ գործով մասնակցող դատախազը հրաժարվեց մեղադրանքից ու նրան ազատ արձակեցին:
Մոտ մեկ տարի 2 ամիս Կ. Փիրուզյանին անօրինական կալանքի տակ պահելու փաստերը Եվրոպական դատարանը (ԵԴ) քննել է մի քանի տեսանկյունից եւ կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Բողոքը, որը ԵԴ-ին ներկայացրել էին Կ. Փիրուզյանի փաստաբան Լուսինե Սահակյանը եւ իրավաբան Արա Ղազարյանը, դատարանը քննեց 2012թ. հունիսի 26-ին, նրան կալանքից ազատելուց շուրջ 4,5 տարի հետո: Խոսելով կայացված վճռի առանձնահատկությունների մասին, իրավաբան Արա Ղազարյանն ընդգծեց, որ այս գործով ՄԻԵԴ-ը նախադեպ ստեղծեց ոչ միայն Հայաստանի հանրապետության, այլեւ Եվրոպայի համար:
Խոսքը վերաբերում է անձին կալանքի տակ պահելու համար ներկայացվող «քննչական գործողություններ կատարելու» շատ տարածված պատճառաբանությանը, որի վերաբերյալ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ «քննչական գործողություններ կատարելը», անձին կալանքի տակ պահելու բավարար պայման չի համարվում: Դատարանը նշել է, որ բողոքաբերի նկատմամբ շարունակական կալանք կիրառելու համար դատարանները վերաբերելի եւ բավարար պատճառներ չեն ներկայացրել: «Եվրադատարանը սրանով Եվրոպայի համար նախադեպ սահմանեց, քանի որ այս միտքը արձանագրելիս որեւէ նախադեպի հղում չի կատարել»,- նշեց իրավաբանը: Վերջինս նկատեց նաեւ, որ այս դրույթը հակասության մեջ է մտնում Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպի հետ:
ՄԻԵԴ-ի սույն գործով կայացված վճռից Արա Ղազարյանն առանձնացրեց հետեւյալը.
- Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում ճանաչեց նախնական կալանքի հարցը քննելիս եւ գործով քննության ժամանակ Կամո Փիրուզյանին ճաղավանդակում պահել՝ դա որակելով նվաստացուցիչ վերաբերմունք անձի համար: Դատարանը հարցը քննել է հետեւյալ տեսանկյունից՝ նրան ճաղավանդակում պահելու անհրաժեշտություն կա՞ր եւ հետեւություն է արել, որ պատճառ չկար եւ չի համաձայնել այն տեսակետի հետ, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Դատարանը փաստել է, որ կալանավորի հիմնական տեղը դատարանում նույնն էր, ինչ ճաղավանդակում նրա հիմնական տեղը, այսինքն՝ այլ տեղ չուներ, նա մեխանիկորեն ճաղավանդակում էր պահվում: Այս հիմքով նաեւ մի հետաքրքիր եզրահանգում է կատարել նշելով, որ կալանավորին ճաղավանդակում պահելը կարող էր իր մասին քննվող հարցից նրա ուշադրությունը շեղելու գործոն հանդիսանալ:
- Կ. Փիրուզյանը շուրջ 22 օր՝ 2007 թ. փետրվարի 19-ից մինչեւ մարտի 12-ը, նախնական կալանքի տակ էր գտնվել առանց դատարանի որոշման: Այս փաստին ԵԴ-ն արդեն անդրադարձել էր «Սիլվա Ասատրյանն ընդդեմ Հայստանի» գործով, որի դեպքում 19 ժամի համար 2000 եվրո տուգանք սահմանեց պետության համար: Դատարանն անընդունելի է համարել «նախաքննությունից-դատաքննություն անցումային փուլում կալանքի ժամկետի հոսել արտահայտությանը»: ՎԴ-ն արդեն մեկ այլ գործով տվել էր այս հարցի լուծումը՝ գործը դատարան պետք է ուղարկել կալանքի ժամկետը լրանալուց ամենաքիչը 15 օր շուտ, որպեսզի գործի դատական նախապատրաստական փուլում կալանքի հարցին անդրադառնալու հարկ չլինի:
- ԵԴ-ն արձանագրել է, որ սույն գործով դատարանները վերացական ու շաբլոնային որոշում են կայացրել, եւ նշել է, որ կալանքի որոշումները պետք է կայացվեն փաստական տվյալների հիման վրա եւ ոչ թե վերացական ձեւակերպումներով:
- Փաստաբանը միջնորդել էր Կ. Փիրուզյանի նկատմամբ գրավ կիրառել, որը մերժվել էր պատճառաբանելով, որ արգելվում է գրավի կիրառումը ծանր հանցագործության դեպքում: Դատարանն անընդունելի է համարել այս տեսակետը՝ հղում կատարելով արդեն իսկ իր ստեղծած նախադեպերին: Ա. Ղազարյանը նշեց, որ օրենսգրքի այս հոդվածը 2007թ.-ից ներպետական դատարանները չեն կիրառում:
- ԵԴ-ն արձանագրել է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի իր կալանքի որոշումը վիճարկել կոնկրետ փաստերով: Մինչեւ խոհրդակցական սենյակ գնալը դատավորը քննիչից պահանջել է քրեական գործի նյութերը, ստացել է դրանք եւ գնացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կայացնելիս, ի թիվս այլ նյութերի, դատավորը հղում է կատարել քննիչի նյութերին, որի վերաբերյալ փաստաբանն իր բողոքում նշել էր, որ դրանով արդեն խախտվել են դատավարության մրցակցության պայմանները, որովհետեւ քննիչն այդ նյութերը չի տրամադրել իրեն: Քննիչն ասում է, որ չէր կարող տրամադրել, որովհետեւ ավանդույթի համաձայն՝ կա նախաքննական գաղտնիք հասկացությունը: ԵԴ-ն հարցը քննել է հետեւյալ տեսանկյունից՝ հարցի քննության ժամանակ մրցակցային կանոնները պահպանվե՞լ են, թե` ոչ, եւ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մինչեւ խորհրդակցական սենյակ գնալը դատավորը քննիչից պահանջել է նյութերը, նշանակում է դատավորը դրան կարեւորություն է տվել: Այս փաստական տվյալից ելնելով, նշանակում է փաստաբանը նույնպես իր ձեռքի տակ պետք է ունենար այդ նյութերը եւ արձանագրել է, որ դիմողը զրկված է եղել արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, որպեսզի վիճարկի քննիչի բերած միջնորդությունը, հետեւաբար դատարանը չի կարողացել ապահովել կողմերի հավասարությունը:
Արա Ղազարյանը նշեց, որ ներպետական դատարաններում այս գործը քննվել է մի ժամանակշրջանում, երբ ՎԴ-ն նոր էր անցում կատարել նախադեպային իրավունքին: Խափանման միջոց կալանքի վերաբերյալ ՎԴ-ն նախադեպային իրավունքի ձեւավորումն սկսեց 2007թ.-ին, սակայն իրավական դաշտը Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին բերելու նախադեպը կայացրեց 2008 թ. վերջերին` Ասլան Ավետիսյանի գործով: «Ընդ որում, սա արվում էր օրենսդիրի լռության պայմաններում, որը շատ դժվար էր: Դատարանն իրավուք չունի օրենք ստեղծել, ամենաշատը կարող է դրա կիրառությունը մեկնաբանել, որպեսզի չմեղադրեն օրենք ստեղծելու մեջ»,- նշեց իրավաբանը:
Վերջինիս մեկնաբանությամբ, այս դեպքում փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը առաջ քաշեցին ամենաառջադիմական գաղափարներ, սակայն առաջին ատյանի դատարանը չուներ Վճռաբեկի խոսքը, որպեսզի նորույթը կիրառեր: «Փաստաբանները բերում էին դատական նորույթ եւ ասում էին, որ կարող ես հանգիստ կիրառել, որովհետեւ դա Կոնվենցիայի, Սահմանադրության թելադրանքն է, դատավորները երկմտանքի մեջ էին եւ մերժում էին փաստաբանի բոլոր փաստարկները»,- նշում է իրավաբանը: Իրավաբանի ասելով՝ հիմա դասընթացների ժամանակ այդ միտքը հնչում է՝ եթե որեւէ փաստական տվյալի ես հղում կատարում, ապա փաստաթուղթը պետք է իմ տրամադրության տակ ունենամ, եթե նույնիսկ այն նախաքննական գաղտնիք է պարունակում: Մրցակցային պահանջը դա էր, որը կրկին նորույթ էր: «Փաստաբանի երեւակայությունը բավարարում էր, որպեսզի նորույթը ներկայացնեն, իսկ դատավորներինը`ոչ, բայց սա տարօրինակ չպետք է համարվի, քանի որ փաստաբաններն են պտտում արդարադատության անիվը»,- նշեց Արա Ղազարյանը:
Եվրոպական դատարանն այս գործով պետությանը պարտավորեցրեց 8000 եվրոյի փոխհատուցում տրամադրել Կ. Փիրուզյանին՝ նրան պատճառված բարոյական վնասի համար: Իրավաբանը, արձանագրված մեծ թվով խախտումների առկայության համեմատությամբ, սա մեծ գումար չի համարում:
Մեկնաբանել