HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովկասի բնության հիմնադրամը 1 մլն եվրո աջակցություն է տրամադրել Հայաստանին 2023 թ․-ին

Կովկասի բնության հիմնադրամը 2023 թվականին իրականացրել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանն ու  պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագեր։ Հիմնադրամը ներկայացնում է 2023 թվականի աշխատանքների մասին տեղեկատվություն։ 

«Ընդհանուր առմամբ Հայաստանում աջակցությունը կատարվել է մեկ միլիոն 83 հազար եվրոյի շրջանակում, որից ԲՀՊՏ-ներին ուղիղ հատկացմամբ տրվել է 803 հազար եվրո։ Այս գումարից  համապատասխան հատկացումներն արվել են ՇՄՆ կազմում ընդգրկված 4 ՊՈԱԿ-ների և համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Մասնավորապես, նշված գումարից 336  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 133 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 184 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 55 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին և 95 հազար եվրո՝«Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Նշենք, որ 4 պահպանվող տարածքների աշխատակիցներին տրվել է արշավային բարձրակարգ կոշիկներ, շարունակվել է տարածքների տեսահսկման համակարգի շահագործման աջակցությունն ու համապատասխան սարքավորումների տրամադրումը։ 2023 թվականին բազմաթիվ ծրագրերով աջակցություն է ցուցաբերվել պետական տարբեր կառույցների․ 5-ամյա դրամաշնորհի պայմանգիր է կնքվել Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ՝ ԲՀՊՏ-ներում բուսական աշխարհի մոնիտորիգի և ուսումնասիրությունների  համար։

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 300 հազար եվրո։ Մոտ 50 հազար եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր է կնքվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, այդ թվում տրվել է տեխնիկական աջակցություն՝ ամենագնաց ավտոմեքենա և հատուկ տեխնիկա դաշտային աշխատանքների իրականացման համար։

2023-ին շարունակվել է համագործակցությունը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ, որին նվիրաբերվել է շուրջ 34 հազար եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարք՝ տեսչական ստուգումներն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

CNF-ի նախաձեռնությամբ՝ ՇՄՆ-ի հետ համատեղ, առաջին անգամ կայացել է «Ռենջեր-2023» մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են պահպանվող տարածքների շուրջ 5 տասնյակ աշխատակիցներ։

Շարունակվել են համագործակցության ծրագրերը «Բնապահպանի տուն» նախաձեռնության հետ, որը հանրային մոնիթորինգ է իրականացնում «Դիլիջան» ազգային պարկում և «Տրանսկովկասյան արահետ» ընկերության հետ, որն արահետաշինական աշխատանքներ է իրականացրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում։ Իրականացվել են ծրագրեր գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնավորապես, Արտ լանչ և One Armenia ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ավելի քանի 800 հազար դրամ հատկացվել է «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ բնապահպանական ծրագրերի իրականացման համար։

Կովկասի բնության հիմնադրամի մասնակցությամբ Վիքիմեդիա-Հայաստանի կողմից անցկացվել է «Վիքին սիրում է երկիրը» խորագրով մրցույթը, որի մրցանակակիրները պարգևատրվել են CNF-ի կողմից։ 2023-ի ընթացքում «Հիերոգլիֆ» ընկերության հետ նկարահանվել է 10 տեսաֆիլմ՝ նվիրված բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատող պահապաններին։

2024 թվականը Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության համար հոբելյանական տարի է։ Նշվելու է Հայաստանում գործունեության 15 -ամյակը, ինչը նշանակում է, որ նոր ու հետաքրքիր ծրագրերը ավելին են լինելու։

Մեր առաքելությունը նույնն է՝ աջակցել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության հզորացմանն ու պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter