HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդին դարձավ մոր դոնորը. հայ բժիշկները լյարդի փոխպատվաստման 7-րդ վիրահատությունը կատարեցին

Երկու տարբեր վիրահատարաններում պառկած են մայր ու որդի, վիրահատությունն ընթացքի մեջ է։ 20-ամյա Պաուլոն առանց երկմտելու որոշել է մոր համար լյարդի դոնոր դառնալ։ 

41-ամյա Անահիտ Մազլումեանի մոտ մեկ տարի առաջ լյարդի անբուժելի հիվանդություն էր ախտորոշվել։ Նրա կյանքը փրկելու համար բժիշկներն առաջարկել են լյարդի փոխպատվաստում իրականացնել։ Հետազոտություններից հետո պարզվել է, որ նրա համար դոնոր կարող է լինել որդին՝ Պաուլո Մաճարեանը։

«Ինքը կըսեր՝ վախնալիք չէ, ինչ է, կտոր մը լյարդ պիտի տամ, կվերջանա, կերթա»,- պատմում է Անահիտը։

Մոր միակ անհանգստությունը որդու համար էր. «Ինքն ուզում էր, բայց երկար ժամանակ տևեց, որ ես համոզվեի, ինքը որոշեց, ըսավ` ես պիտի ազատեմ քեզի»։

Ընտանիքը տարիներ առաջ Բեյրութից Հայաստան է տեղափոխվել։ Պաուլոն մասնագիտությամբ ոսկերիչ է, դեռ աշխատանք չունի։ Ասում է՝ վիրահատությունից վախ չուներ. «Ուրիշ ճար չունեինք արդեն, մենակ ես էի համապատասխանում։ Հետազոտություններ արեցինք, իմացանք, որ լյարդս համապատասխանում է մամայիս հետ»։

Լյարդի դոնոր դառնալու համար Պաուլոն պետք է նիհարեր։

«Բժիշկներն ասեցին՝ պետք է մի քիչ նիհարեմ։ Դիետ տվեցին, մի լիստ թուղթ տվեցին, ասին՝ ինչ պիտի չուտես, ինչ պիտի ուտես»,- ասում է նա։

Վիրահատությունը տևել է մոտ 9 ժամ։ Պաուլոյի լյարդի 65%-ը բժիշկները փոխպատվաստել են մորը՝ Անահիտին։

Լյարդի փոխպատվաստման համար ընտանիքին հարկավոր էր 17 մլն դրամ։ 5 մլն դրամը տրամադրել է պետությունը, 12 մլն դրամ էլ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի կազմակերպված դրամահավաքից է հանգանակվել։

«Աստղիկ» բժշկական կենտրոնը սկսել է լյարդի փոխպատվաստումներ իրականացնել 2019թ.-ից։ Սա արդեն 7-րդ փոխպատվաստումն էր։ Բժիշկները նշում են՝ բոլոր 7 փոխպատվաստումները հաջող են ընթացել։ Բոլոր դեպքերում բժշկական կենտրոնը համագործակցել է ՌԴ Բուռնազյանի անվան կլինիկայի բժիշկ Սերգեյ Ոսկանյանի հետ, որի՝ կենդանի դոնորից փոխպատվաստման փորձն, ըստ վիրաբույժների, բավականին մեծ է: 

«Աստղիկ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Արայիկ Ոսկանյանի խոսքով՝ եթե տիկին Անահիտին չօգնեին, լյարդը չփոխեին, նա շատ կարճ կյանք կունենար, և այդ կարճ կյանքի ընթացքն էլ լինելու էր չարչարանքով լեցուն։

«Լյարդն ամբողջովին փոփոխված էր, և այն գործառույթը, որ պետք է կատարեր, չէր կարողանում կատարել՝ պատճառելով հիվանդին անտանելի ցավ, անհարմարություն և անորակ կյանք»,- ասում է նա։

Արայիկ Ոսկանյանը նշում է, որ լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող անձինք շատ են. «Առանց լյարդի փոխպատվաստման նրանց կյանքը շատ կարճ է, սակայն դիակային փոխպատվաստման բացակայության պատճառով մենք չենք կարողանում օգնել տվյալ անձանց։ Բոլորը չէ, որ ունեն հարազատներ, ովքեր կարող են լյարդի մի մասը տալ՝ փրկելով իրենց հարազատի կյանքը»։

Վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ հարազատական փոխպատվաստման ժամանակ օրգանի մերժման տոկոսն ավելի ցածր է լինում, այդ իսկ պատճառով իրենք ընտրել են միայն հարազատական դոնորի պայմաններում փոխպատվաստումը։ Նախորդ բոլոր դեպքերում դոնորները ևս պացիենտների հարազատներն են եղել։

Լյարդը բժիշկները բացառիկ և լավ օրգան են համարում այն առումով, որ այն վերաճելու հատկություն ունի։

«Աստղիկ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Հայկ Հարությունյանը լյարդի փոխպատվաստումը բարդ վիրահատություն է համարում։

«Վիրահատությունը տևում է 8-12 ժամ։ Զուգահեռ երկու վիրահատարաններում ընթանում է վիրահատությունը, նախապես դոնորի որովայնն է բացվում, գնահատվում է լյարդը, զուգահեռ մյուս վիրահատարանում ընթանում է ռեցիպիենտի վիրահատությունը։ Երկու վիրաբուժական խումբ միաժամանակ անջատում է լյարդի դրունքի էլեմենտները, լյարդի կապանները, անջատում է ամբողջական լյարդը։ Բուն էտապը հասնում է կուլմինացիային այն դեպքում, երբ դոնորի մոտ արդեն կիսված լյարդը կա, և մենք այն վերցնում ենք, նախապատրաստում ենք սառույցի պարկում տեղադրված հատուկ լուծույթի մեջ, լվանում ենք այդ օրգանը, և արդեն լվացած, պատրաստած օրգանը տեղափոխում ենք ռեցիպիենտից հանած լյարդի տեղը»,- պատմում է նա։

Վիրաբույժը նշում է՝ առաջնայինը դոնորի անվտանգությունն ու առողջությունն է. «Որքան մեծ մնա դոնորին լյարդ, այդքան նրա վերականգնողական պրոցեսը ավելի շուտ կլինի»։

Հայկ Հարությունյանի խոսքով՝ թե՛ դոնորի, թե՛ պացիենտի մոտ հետվիրահատական շրջանում որևէ խնդիր չի առաջացել։

«Հիմա առողջ եմ։ Հիմա պետք է ավելի սնվիմ, որ մի քիչ ավելի շուտ ուժս տեղը գա»,- ասում է տիկին Անահիտը։

Վիրահատությունից օրեր անց տիկին Անահիտն ու Պաուլոն դուրս են գրվել։

Հ. Գ. Վիրահատությունը կատարվել է 2023թ. դեկտեմբերի 2-ին։

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Հայկ Հարությոպնյանը ոչ միայն խելացի եվ հմուտ բժիշկ է , այլ նաեվ շատ բարի եվ հոգատար մարդ ՝որը պատրաստ է հասնել օգնության առանց վարանելու🙏

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter