HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության ոլորտում անցում է կատարվում էլեկտրոնային ուղեգրման համակարգին

Կառավարությունը դեկտեմբերի 28-ին փոփոխություններ և լրացումներ է կատարել «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման մեջ:

Հիմնավորման համաձայն՝ ներկայում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների փոխհատուցումն իրականացվում է սահմանափակված բյուջեի և հերթագրման սկզբունքով:

Պետական պատվերի շրջանակում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է թվով 27 միջոցառումների շրջանակներում: 27 միջոցառումներից միայն 7-ի փոխհատուցումն է իրականացվում պայմանագրային գումարի բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով: Օֆերտայի սկզբունքով բաշխվում է վերը նշված միջոցառումներով հատկացված գումարի 44 տոկոսը: Գործադիրի այսօրվա որոշմամբ առաջարկվում է ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների փոխհատուցումն իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով, փորձարարական կարգով:

Որոշման ընդունումը, ինչպես նշված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, հնարավորություն կտա ավելի պարզեցնել կազմակերպությունների հետ պայմանագրային գործընթացը և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Կվերացվեն բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարի ամսական համամասնության հետ, կվերանա պարբերաբար իրականացվող կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը, հերթագրումներ կիրականացվեն միայն բուժհաստատությունների թողունակության անբավարարության կամ պետական բյուջեով տվյալ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարի համամասնության ավարտման դեպքում: Մնացած փոփոխությունների նպատակը առավել որակյալ և արդյունավետ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովումն է և դրանք առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և նպատակային դարձնելն է:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Նշված փոփոխության արդյունքում, բացի պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվողների բուժօգնության միջոցառումներից, մնացած բոլոր ծրագրերը և միջոցառումները կփոխհատուցվեն պայմանագրային գումարով՝ բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Կանոնակարգվում են նաև պացիենտների հերթագրման և ուղեգրման հետ կապված հարաբերությունները: Նշեմ, որ մեր այս նախագծով դուրս է գալիս թղթային ուղեգրման տարբերակը, և մենք ևս անցնում ենք ամբողջովին էլեկտրոնային ուղեգրման համակարգին»:

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ ինչպես Առողջապահության նախարարության 2023 թվականի հաշվետվության ժամանակ պայմանավորվել են՝ այլևս չի լինի ՀՀ առողջապահության նախարարի հրաման, որով իրականացվում են նախնական բաշխումներ պետպատվերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու համար: «Մենք կունենանք ընդհանուր բյուջե և այդ բյուջեն կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության։

Այսինքն` նրանք որ հիվանդանոց, բժշկական կենտրոն կգնան՝ ծառայություն կստանան, «Արմեդում» այդ ծառայությունը կգեներացվի, դրանից առաջ կգեներացվի նաև ուղեգրումը, և պրոցեսները կլինեն ըստ այդմ: Եվ մենք կունենանք ծառայությունների մատուցման տիպային ինչ-որ պայմանագիր, նրանք, ովքեր ուզում են միանալ, կտեսնեն այդ պայմանագիրը և կորոշեն, որ ուզում են միանալ: Իհարկե, հավաստագրման և արտոնագրման որոշակի պրոցեսներ էլ ենթադրում եմ պիտի անցնենք, որպեսզի մենք էլ համոզված լինենք, որ նրանք կարող են այդպիսի ծառայություններ մատուցել, և առողջապահական ծառայությունները կիրականացնենք այսպես»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է իր հանձնարարականների կատարմանը և նշել. «Սա մենք նոր չէ, որ խոսում ենք, և տիկին Ավանեսյան, հարգելի գործընկերներ, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիդ ուշադրությունը հրավիրել՝ իմ հանձնարարականներն առանց լրացուցիչ հիշեցումների իրականացնելու անհրաժեշտությունը։ Այդ լավ չէ, որ ես երկրորդ, երրորդ անգամ ստիպված եմ լինում հանձնարարականների մասին հիշեցնել։ Եկեք պայմանավորվենք, որ այդ պրակտիկան ընդհանրապես դադարեցվելու է։ Դա լավ պրակտիկա չէ։ Իսկ այս ծրագիրը հընթացս մենք մոնիթորինգի կենթարկենք և եթե կտեսնենք, որ խնդիրներ են ծագում, բնականաբար, նաև կարձագանքենք դրանց»:

Լուսանկարում՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter