HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կալանավորը 9-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Արդեն 9 օր է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել կալանավոր Վիկտոր Հովակիմյանը: Այդ մասին «Հետքին» ահազանգել է Վիկտոր Հովակիմյանի քրոջ դուստրը՝ Մարիամ Հովակիմյանը: Վերջինս մտահոգված է, որ մորեղբայրը երկար չի կարող դիմանալ հացադուլին, կյանքին վտանգ է սպառնում:

«2 օր առաջ եմ նրան տեսել, շատ վատ տեսք ուներ, գունատ էր, ձեռքերը դողում էին: Առողջական խնդիրներ ունի, կյանքը վտանգի տակ է»,-ասում է Մ. Հովակիմյանը:

Մարիամ Հովակիմյանը պատմեց, որ մորեղբայրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով սպանություն (2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետեր):

Ըստ մեղադրանքի՝ Վիկտոր Հովակիմյանը ևս երկու անձի հետ նախնական համաձայնության գալով, ինքնությունը չպարզված անձնավորությունների օժանդակությամբ, 2021թ. փետրվարի 18-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 6 շենքում ավազակությամբ զուգորդված՝ ապօրինաբար կյանքից զրկել են նույն շենքի բնակիչ Արմեն Ոսկանյանին: Վ. Հովակիմյանը 2021թ. փետրվարի 22-ից կալանավորված է։ 

«Իմ քեռին ընդունում է, որ վատ արարք է կատարել, գողության նպատակով մտել է քաղաքացու տուն, սակայն նա սպանության հետ որևէ կապ չունի, մարդ չի սպանել»,-ասում է Մ. Հովակիմյանը:

Կալանավորի ազգականի փոխանցմամբ՝ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, սակայն այն անփոփոխ է մնացել, դատավորները պատշաճ չեն ուսումնասիրել գործը, ինչից հետո Վ. Հովակիմյանը որոշել է հացադուլ անել:

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը հաստատեց, որ Վիկտոր Սողոմոնյանը դեկտեմբերի 20-ից հացադուլ է հայտարարել: 

«Բողոքում է իր քրեական գործից»,-ասում է Ն. Նավիկյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter