HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում. Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ  

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) մեկնարկում է «Ժողովրդավարական ինստիտուտները և մասնակցային քաղաքականությունը Հայաստանում» (DIPPA) նախագիծը։ 2023-2033 թվականների համար նախատեսվում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 10,5 միլիոն ԱՄՆ դոլար) ներդնում։ Ելնելով ընդհանուր բյուջետային հեռանկարից՝ նախագծի բյուջեն, կախված նախագծի իրագործելիության մակարդակից, ենթակա է SDC-ի կողմից պարբերական վերանայման։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատնից։

Նախագիծը կառուցված է երեք հիմնական նպատակների շուրջ։ Առաջին հերթին, այն ձգտում է աջակցել պետական հաստատություններին, որպեսզի նրանք ավելի ներառական լինեն քաղաքականության մշակման և բյուջետավորման իրենց խնդիրներում: Երկրորդ, այն անհատներին և քաղաքացիների խմբերին հնարավորություն է տալիս կառուցողաբար և նորարարորեն փոխգործակցել այդ հաստատությունների հետ, որի արդյունքում հավասարակշռված և ավելի ընգրկուն հիմքով քաղաքական որոշումներ կկայացվեն: Եվ ի վերջո, այն ուժեղացնում է անկախ լրատվամիջոցների դերը հանրային իրազեկման և կառուցողական երկխոսության խթանման գործում: Այս նպատակները միասին նախատեսում են մի ապագա, որտեղ ժողովրդավարությունը և համապատասխան պետական ինստիտուտները հաստատապես կվայելեն տեղեկացված և ներգրավված քաղաքացիների աջակցությունը:

Այս նախաձեռնության հիմնական գործընկերներն են մի շարք պետական հաստատություններ, մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Ազգային ժողովը, ֆինանսների նախարարությունը, տարբեր ճյուղային նախարարությունները և առանձին ընտրված փորձնական համայնքներ: Որպես ժողովրդավարությանն աջակից ոչ կառավարական շահագրգիռ կողմեր, կընտրվեն և նախագծում կներառվեն քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպություններ և անաչառ լրատվամիջոցներ:

DIPPA նախագիծը համարվում է Հայաստանի կառավարության հանրային մասնակցությունը խթանելու վերջին նախաձեռնությունների ուղղակի պատասխանը։ Այն նպատակադրված է ժողովրդավարական գործընթացների համապարփակ բարելավմանը` կատարելագործելով և ընդլայնելով առկա քաղաքական և ինստիտուցիոնալ մեխանիզմները: Նախագծի գլխավոր նպատակը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և համապատասխան մշակույթի հետագա ամրապնդումն է, ինչպես՝ ազգային, այնպես էլ՝ տեղական մակարդակներում, նպաստելով փոխհամաձայնության վրա հիմնված որոշումների կայացմանը և, հետևաբար, քաղաքականապես ավելի կայուն և տեխնիկապես ավելի հավասարակշռված քաղաքական որոշումների ընդունմանը։

Նախագծում օգտագործվելու է միջազգային փորձը, այդ թվում՝ շվեյցարական փորձը։ Կիրառվելու է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հանրային հատվածի նորարարության դիտորդական կենտրոնի միջազգայնորեն ճանաչված գնահատման մեթոդաբանությունը։ Այդ կենտրոնը նախագծի գործողության առաջին տարում կլինի SDC-ի հիմնական իրականացնող գործընկերը։

Նախագիծ ներդաշնակ կերպով ինտեգրվում է Հայաստանում SDC-ի առկա ռազմավարական նպատակներին և ծրագրերին: Այն հատկապես զարգացնում և խորացնում է տեղական մակարդակում հանրային մասնակցության ջանքերի արդյունքները, որոնք ձեռք են բերվել «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում Հայաստանում» հաջողված նախագծի շրջանակներում: DIPPA-ն այս գործունեությունը տարածում է ազգային մակարդակում՝ ապահովելով շարունակականությունն ու հետագա ընդլայնումը: Այսպիսով, նախագիծը, որպես ժողովրդավարական կառավարման առաջատար երկիր, էլ ավելի է ամրապնդում Հայաստանի դիրքերը հետխորհրդային երկրների շարքում։

Լուսանկարը՝ bern.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter