HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարվարդի համալսարանի նախագահը հակասեմականության ու գրագողության մեղադրանքների պատճառով հրաժարական է տվել

Հարվարդի համալսարանի նախագահ Քլոդին Գեյը հրաժարական է տվել Կոնգրեսի լսումների ժամանակ հակասեմականության վերաբերյալ հարցերին իր պատասխանների, ինչպես նաև գրագողության մեղադրանքների վերաբերյալ քննադատություններից հետո: Ինչպես գրում է BBC-ն, վերջին շաբաթներին Քլոդին Գեյը ճնշումների էր բախվել, որոնք, ի վերջո, հանգեցրին նրա հրաժարականին:

Իր հրաժարականի մասին նամակում նա հայտարարել է, որ այն բխում է համալսարանի շահերից։ «Ես շատ տխուր էի, որ կասկածի տակ դրվեցին ատելությանը դիմակայելու և գիտական ճշգրտությունը պաշտպանելու իմ պարտավորությունները։ Այդ որոշումն ինձ համար հեշտ չէր։ Ավելին, դա շատ դժվար էր, դա անհնար է բառերով արտահայտել»,- գրել է պրոֆեսոր Գեյը՝ հավելելով, որ իր հրաժարականը Հարվարդի համալսարանին թույլ կտա պաշտպանել իրեն որպես հաստատություն, այլ ոչ թե իր անձը։

Գեյը հրաժարականի նամակում նշել է, որ իր հասցեին ստացել է անձնական սպառնալիքներ և ենթարկվել «ռասայական հակակրանքի»։ Համալսարանը ղեկավարող Հարվարդի կորպորացիան հայտարարել է, որ Քլոդին Գեյը կվերադառնա իր ակադեմիական նախկին պաշտոնին: Հայտարարության մեջ նշվում է, որ նա իր վրա է վերցրել թույլ տված սխալների պատասխանատվությունը ու դրա հետ մեկտեղ «հրաշալի տոկունություն է ցուցաբերել խորը անձնական ու երկարատեւ հարձակումների առաջ»:

Նախորդ ամիս Կոնգրեսում կայացած լարված լսումների ժամանակ Քլոդին Գեյը հայտարարել էր, որ հրեաներին սպանելու կոչերը զզվելի են: Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման հայտարարությունները խախտում են Հարվարդի համալսարանում գործող վարքագծի կանոնակարգին, մասնավորապես բուլինգի ու ծաղրի մասով՝ Գեյը խուսափողական պատասխան էր տվել՝ նշելով, որ դա կախված կլինի համատեքստից:

Այս խոսքերից հետո ավելի քան 70 կոնգրեսականներ բաց նամակ էին ստորագրել՝ պահանջելով աշխատանքից ազատել Քլոդին Գեյին, Փենսիլվանիայի համալսարանի նախագահ Էլիզաբեթ Մեգիլին (նա հրաժարական է տվել դեկտեմբերի 10-ին) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նախագահ Սալի Քորնբլութին, որոնք նույնպես խուսափել էին ուղիղ պատասխանից:

Տասնյակ քաղաքական գործիչներ և Հարվարդի համալսարանի բարձրաստիճան որոշ շրջանավարտներ, Կոնգրեսում իր խուսափողական պատասխանների պատճառով, նույնպես կոչ էին արել Գեյին հրաժարական տալ:

Դրանից հետո ամերիկյան ԶԼՄ-ները Գեյի աշխատություններում մի քանի դեպքեր էին հայտնաբերել, որոնք բնորոշել էին որպես գրագողություն։ Հարվարդի կառավարման մարմինները անցյալ ամիս հետաքննել էին այս մեղադրանքները և երկու աշխատություններում հայտնաբերել հատվածներ, որտեղ աղբյուրներին լրացուցիչ հղումների կարիք կար։

Միևնույն ժամանակ, կառավարող մարմինները եկել էին այն եզրակացության, որ այդ թերությունները գիտական էթիկայի նորմերի խախտմանը համարժեք չեն: Համալսարանի նախագահի հրաժարականից մի քանի ժամ առաջ պահպանողական ուղղվածություն ունեցող Washington Free Beacon թերթը անանուն հրապարակել էր Քլոդին Գեյի կողմից իր աշխատություններում մեջբերման կանոնները խախտելու նոր մեղադրանքներ:

53-ամյա գիտնականը, որը մասնագիտացած է պետական կառավարման ոլորտում, Հարվարդի համալսարանի նախագահի պաշտոնը զբաղեցրեց վեց ամիս։ Նա առաջին աֆրոամերիկացի կինն էր և երկրորդ կինն ընդհանրապես, որը ղեկավարում էր հեղինակավոր այս համալսարանը: Նրա պաշտոնավարումը համալսարանի 388-ամյա պատմության մեջ ամենակարճն էր։

Լուսանկարը՝ Ken Cedeno/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter