
Ճապոնիայում երկրաշարժից զոհերի թիվը մեծացել է
Հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայում գրանցված հզոր երկրաշարժից զոհերի թիվը հունվարի 3-ի դրությամբ հասել է 65-ի։ Տվյալները հրապարակել են ճապոնական իշխանությունները։ Առնվազն 300 մարդ էլ վիրավորվել է։ Ավելի վաղ Deutsche Welle-ն հայտնում էր 62 զոհի մասին։
Kyodo News գործակալությունը փոխանցում է, որ առնվազն 24 մարդ զոհվել է Վաձիմա քաղաքում, 20-ը՝ Սուձուում, իսկ 5-ն էլ՝ Նանաոյում։ Պարբերականի փոխանցմամբ՝ Ճապոնիայի արևմուտքում տարերքից առավել տուժած Նոտո թերակղզում փրկարարական աշխատանքները շարունակվում են հետցնցումների ֆոնին:
Kyodo News-ի տվյալներով՝ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ավերել է Նոտո թերակղզու ծայրամասում տեղակայված Սուձու քաղաքի տները ու հրդեհներ առաջացրել Իսիկավա պրեֆեկտուրայի Վաձիմա քաղաքում: Սակայն ավերածությունների ամբողջական մասշտաբը մնում է անհայտ, իսկ ավերված ճանապարհները խոչընդոտում են օգնության տեղափոխմանն ու փրկարարական գործողությունների իրականացմանը։
«Իրավիճակն աղետալի է, տների մոտ 90 տոկոսը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ավերված է»,- գործակալությունը մեջբերում է Սուձուի քաղաքապետ Մասուհիրո Իձումիյայի խոսքերը։
Իսիկավա պրեֆեկտուրայի ներկայացուցիչների խոսքով՝ Վաձիմա քաղաքի կենտրոնական շրջանում երկրաշարժի հետևանքով հրդեհներն ընդգրկել են ավելի քան 200 շինություն: Մինչդեռ նույն պրեֆեկտուրայի ղեկավար Հիրոսի Հասեն նախազգուշացրել է սողանքների վտանգի մասին, որոնք կարող են տեղի ունենալ երկրաշարժից հետո:
Մասշտաբային ավերածություններ են գրանցվել նաև Նիիգատա, Տոյամա, Ֆուկուի և Գիֆու պրեֆեկտուրաներում: Հունվարի 2-ի կեսօրվա դրությամբ` տարհանվածների թիվը, ներառյալ Իսիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաների բնակիչները, կազմել է 57 360 մարդ: Երկրաշարժի հետևանքների վերացման հարցում ճապոնական կառավարությանն արդեն իսկ օգնություն են առաջարկել ԱՄՆ-ն, Կանադան, Հարավային Կորեան և Իտալիան։
Երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում էր տրվել Իսիկավա, Յամագատա, Նիիգատա, Տոյամա, Ֆուկուի և Հյոգո պրեֆեկտուրաներում: Հունվարի 2-ին Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը չեղարկել էր այն, սակայն նշել, որ առաջիկա օրերին ու շաբաթներին հնարավոր են նոր ուժեղ ստորգետնյա ցնցումներ:
Լուսանկարը՝ The Asahi Shimbun/Getty Images
Մեկնաբանել