HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերջին 4 տարում Թուրքիան իրավական օգնության 200 հարցում է ուղարկել Հայաստան

2020թ.-ից սկսած Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպանությունից Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով արդարադատության նախարարություն ստացվել է 200 իրավական օգնության հարցում (2023թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ): Ամենաշատ հարցումները ստացվել են 2022թ․-ին:

Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև իրավական օգնությունն իրականացվում է միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա: Մասնավորապես՝ փոխօգնությունը տրվում է «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959թ. եվրոպական, «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» 1965թ. Հաագայի, «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» 1970թ. Հաագայի կոնվենցիաների հիման վրա:

2020-2023թթ. Հայաստանը ոչ մի դեպքով չի դիմել Թուրքիայի Հանրապետությանը՝ իրավական օգնության խնդրանքով: Թեև Ադրբեջանը ևս ստորագրել է այդ կոնվենցիաները, սակայն նշված ժամանակահատվածում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը իրավական օգնության հարցումներ միմյանց չեն ուղարկել: 

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ Կոնվենցիաների շրջանակներում Հայաստանի կողմից հաղորդակցությունն իրականացվում է նախարարության միջոցով և ստացված իրավական օգնության հարցումները փոխանցվում է իրավասու մարմիններին՝ կատարումն ապահովելու նպատակով: Օրինակ, դատական հանձնարարությունների դեպքում դրանք փոխանցվում են Դատական դեպարտամենտ:

Արդարադատության նախարարությունն իրավական օգնության վերաբերյալ հարցումներ ստանալիս ստուգում է դրանց համապատասխանությանը Կոնվենցիաների դրույթներին: Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե Թուրքիայից ստացված այդ հարցումներն արդյոք վերաբերել են նաև ՀՀ քաղաքացիներին, ու ինչ որոշումներ են կայացվել:

Պատասխանել են, որ այդ անձինք հիմնականում ազգությամբ հայ են, որոնց քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում, քանի որ ստուգելու լիազորություն չունեն:

«Նախարարությունը վերոնշյալ կոնվենցիաների շրջանակներում ստացված հանձնարարությունների արդյունքների բովանդակության մասին տեղեկատվության չի տիրապետում, քանի որ հանձնարարության կատարման արդյունքները ՀՀ իրավասու դատարանների կողմից ստանալուն պես ուղարկվում են նախաձեռնողին»,- հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Դիմել էինք նաև Դատական դեպարտամենտին: Այնտեղից պատասխանել են, որ 2020-2021թթ. Արդարադատության նախարարությունից ստացված ուղեկցական գրություններով հստակ արտացոլված չի եղել, թե որ կոնվենցիայի շրջանակներում են կազմվել և ինչ բնույթի իրավական հարցումներ են ուղարկվել: Իսկ 2021-2023թթ. ստացված հարցումները եղել են «Քրեական գործերով իրավական փոխօգնության», ինչպես նաև «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման» մասին կոնվենցիաների շրջանակներում:

Դատական դեպարտամենտը ևս տեղեկություն չի փոխանցել, թե այդ հանձնարարությունների հիման վրա, ինչպիսի որոշումներ են կայացվել:

«Դատական դեպարտամենտի կողմից ուսումնասիրվում են Արդարադատության նախարարությունից ստացված իրավական օգնության հարցումները, ստուգվում փաստաթղթերի ամբողջականությունը և ուղարկվում ՀՀ համապատասխան դատարան: Սակայն, թե՛ ըստ բովանդակության,՛ թե դրանց կատարման ընթացքի վերաբերյալ առանձին վիճակագրություն կամ հաշվառում չի վարվում»,- պատասխանել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը՝ խորհուրդ տալով դատարանների վիճակագրական հաշվետվություններում գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Սակայն, այդ տեղեկատվությունն ըստ երկրների առանձնացված չէ:

Նախարարությունից հայտնում են, որ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում ստացված իրավական օգնության հարցումները սովորաբար վերաբերում են քրեական վարույթի շրջանակներում դատական ծանուցումները դատարանների կողմից հարցման մեջ նշված անձանց փոխանցելուն:

Քանի որ վիճակագրություն չվարելու կամ Թուրքիայից ստացված հարցումների բովանդակությանը ծանոթ չլինելու պատճառաբանությամբ փաստացի մերժվել է ամբողջական տեղեկատվության տրամադրումը, դժվար է ասել, թե իրականում Հայաստանից ինչպիսի տեղեկատվություն է փոխանցվել որպես «իրավական օգնություն»:

Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter