HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստորագրահավաքի իրական հասցեատերը ոչ թե դրսում, այլ ներսում է

«Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո քաղաքացիական ակտիվիստները համացանցում ստորագրահավաք կազմակերպեցին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պաշտոնանկ անելու համար: Մի քանի օրում հավաքվեց շուրջ 4000 ստորագրություն:

ՈւԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին ուղղված նամակում նշվում էր, որ ՀՖՖ նախագահին պատկանող ռեստորանում նրա թիկնապահների կողմից դաժանորեն ծեծվել են մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից Վահե Ավետյանը, ով երկու երեխայի հայր էր, հիվանդանոցում մահացել է: «Ռուբեն Հայրապետյանն այն անձը չէ, ով պիտի ղեկավարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մարզաձեւ, որը միավորում է մարդկանց: Մենք պահանջում ենք նրա հրաժարականը հնարավորինս շուտ: ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի հարգելի պաշտոնյաներ, խնդրում ենք բարձրացնել ձեր ձայնը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում այս մարդու մնալն արգելելու հարցում»:

Այն, որ այս ակցիան արտացոլում է հասարակության բուռն եւ արդարացի զայրույթը, միանգամայն հասկանալի է, սակայն պետք է գիտակցել նաեւ, թե որքանով է արդյունավետ եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլային կառույցների ղեկավարներին նման հարցով դիմելը: Միանգամից շեշտենք, որ ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ արգելվում է պետության եւ ցանկացած այլ կառույցի (այդ թվում եւ՝ միջազգային մարմինների) միջամտությունը ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ներքին գործերին: Շատ են եղել այնպիսի դեպքեր, երբ պետական տարբեր ատյանների միջամտությունները հանգեցրել են ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կողմից խիստ քայլերի՝ նախազգուշացումից մինչեւ երկարատեւ որակազրկում (տվյալ երկրի հավաքականներին ու ակումբներին արգելվել է մասնակցել ցանկացած մրցաշարի, որն անցկացվում է այս կառույցների հովանու ներքո): Իհարկե, նամակում օտարերկրացի չինովնիկներից չէր պահանջվում անմիջականորեն պաշտոնանկ անել Հայրապետյանին, սակայն ըստ էության կոչ էր արվում միջամտել ՀՖՖ գործունեությանը. բանն այն է, որ ՀՖՖ նախագահին ընտրում եւ պաշտոնանկ է անում ՀՖՖ ընդհանուր ժողովը:

Եվ ահա ՈւԵՖԱ-ի պատասխանը նախաձեռնությանը, թե կառույցը ազգային ֆեդերացիաների հետ հարաբերվում է իր կանոնադրության համաձայն, ու նաեւ այն, որ ինքը «հարգալից է վերաբերվում ազգային ասոցիացիաների անկախությանն ու ինքնավարությանը եւ չի կարող միջամտել ազգային ֆեդերացիաների ներքին գործերին», շատ սպասելի էր:

2002-ից ՀՖՖ-ն գլխավորող Ռուբեն Հայրապետյանը երկրորդ անգամ (առաջինը՝ 2006-ին) վերընտրվել է 2010-ի նոյեմբերին՝ 4,5 տարի ժամկետով: Նրա լիազորություններն ավարտվում են 2015-ի գարնանը: Ըստ ՀՖՖ կանոնադրության՝ նախագահն ընտրվում է ՀՖՖ անդամների (17 իրավաբանական անձանց) ներկայացուցիչների ընդհանուր ժողովում: Նշենք, որ այստեղ որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ՝ 50 %+1:

Եվ ուրեմն՝ հեռացման երկու տարբերակ կա՝ հրաժարական կամ պաշտոնանկություն: Հայաստանի ֆուտբոլային շրջանակներին քիչ թե շատ ծանոթ մեկը հաստատ կդժվարանա պատկերացնել, որ կառույցի հերթական ժողովում Հայրապետյանի պաշտոնանկության հարց կարող է ընդգրկվել, կամ որ առավել եւս կարող է արտահերթ ժողով հրավիրվել նման օրակարգով: Մի կողմ թողնելով նման ժողովների ընթացակարգերը, այդ թվում՝ ժամկետները՝ միանգամից ասենք, որ հայկական ֆուտբոլային միջավայրում խոր արմատներ ձգած Հայրապետյանի պարագայում սա անիրականանալի է:    

Արժե, սակայն, հիշել 2011-ի փետրվարյան ասուլիսը, որտեղ ՀՖՖ նախագահը հայտարարեց. «Իմ մեջքին կանգնած է նախագահ Սերժ Սարգսյանը։ Եթե նրա աջակցությունը չլիներ, վաղուց հրաժարական կտայի»։ Կարծում ենք՝ որեւէ մեկը չի էլ կասկածում, որ իրոք այդպես է: Եթե Սերժ Սարգսյանի նույն այդ աջակցությունը կամ, ավելի ճիշտ, հանձնարարականը չլիներ, Հայրապետյանը այս գարնանը դժվար թե որոշեր ամեն դեպքում թեկնածություն առաջադրել ԱԺ ընտրություններում, հետո էլ կրկին այդ «աջակցության» միջոցով վայր դնել մանդատը: Ու հիմա էլ կարծես այդ «աջակցությունն» է պետք, որ Հայրապետյանը հրաժարվի ՀՖՖ-ում իր աթոռից: Այլ կերպ ասած՝ ակտիվիստների նամակի փաստացի հասցեատերը պիտի հենց Սերժ Սարգսյանը լիներ:

Վերադառնալով միջազգային կառույցներին՝ նշենք, որ ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ տարբեր քրեական պատմությունների ընթացքում ֆուտբոլային գործիչներ են պատժվել: Վերջին տարիների ամենահայտնի դեպքը թերեւս 2006-ին Իտալիայում բռնկված սկանդալային իրավիճակն էր պայմանավորված խաղերի շուրջ: Հետո նման դեպքեր արձանագրվեցին եվրոպական այլ երկրներում, վերջին շրջանում՝ Թուրքիայում եւ կրկին Իտալիայում: 2006-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրանկո Կարարոն հրաժարական տվեց, նրան սպառնում էր 4,5 տարվա հեռացում ֆուտբոլից, սակայն հետո պատիժը փոխարինվեց 80.000 եվրո տուգանքով եւ զգուշացմամբ: Այլ չինովնիկների թվում պատժվեց նաեւ ֆեդերացիայի փոխնախագահ Ինոչենցո Մացինին, որին որակազրկեցին 5 տարով: Տվյալ պարագայում իրավապահներին հաջողվել էր ապացուցել չինովնիկների մեղքը, մասնավորապես, հեռախոսազրույցներից մեկում Կարարոն մրցավարական կոմիտեի նախագահ Բերգամոյին ասել էր, թե չի կարելի թույլ տալ, որ Հռոմի «Լացիոն» դուրս մնա բարձագույն խմբից՝ A սերիայից, եւ հայտնվի B-ում:

Բերենք այլ օրինակ: 2010-ին ՖԻՖԱ-ն որակազրկեց Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիային, քանի որ վերջինիս դեմ դատական հայցեր էին ներկայացվել, իսկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էլ երկրի ազգային սպորտային կոմիտեի հրամանով պաշտոնանկ էր արվել: Մինչեւ դատարանի որոշումն էլ ֆեդերացիայի գործունեությունը դադարեցվել էր: ՖԻՖԱ-ն սա դիտել էր իբրեւ պետական միջամտություն մարզական կառույցի գործերին ու նման խիստ վճիռ կայացրել, սակայն երբ դատական հայցը հետ էր վերցվել, պատժի կիրառումը ՖԻՖԱ-ն առկախել էր:  

Ինչպես երեւում է, ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի արձագանքը մեծապես կախված է իրավապահների գործողություններից: Երբ կան տվյալ անձի մեղավորության վերաբերյալ հստակ փաստարկներ (կապ չունի՝ դրանք կլինեն ֆուտբոլում, թե այլ ոլորտում), ոչ մի կառույց չի կարող հերքել դրանց առկայությունը, առավել եւս՝ պատժամիջոցներ կիրառել երկրի հանդեպ: Առավելագույնը կարելի է հայտարարել, որ անձն անմեղ է, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել: Այդպես եղավ Ֆրանկո Կարարոյի պարագայում, երբ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը նշեց, որ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի ղեկավար մարմինների անդամ իտալացին կշարունակի աշխատանքն իր պաշտոններում, եւ պետք է անմեղ համարվի, մինչեւ մեղքը չապացուցվի, իսկ ՖԻՖԱ-ն էլ չի կարող գործել դատավորների նման: Դատարանում նրա մեղքն ապացուցվեց, սակայն Կարարոն ցայսօր պաշտոնավարում է ՖԻՖԱ-ում, իսկ ՈւԵՖԱ-ի գործկոմից դուրս եկավ սկանդալից 3 տարի անց միայն՝ 2009-ին:

Ավելորդ չէ նշել, որ հենց իր՝ Բլատերի անունը երբեք զերծ չի մնացել տարբեր սկանդալների մեջ շոշափվելուց: Եվ ընդհանրապես ֆուտբոլային աշխարհում մեծ դեր են խաղում կապերն ու ծանոթությունները, իսկ Ռուբեն Հայրապետյանի ու հատկապես ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մտերմության մասին գիտեն բոլորը: Հետեւաբար, այս պարագայում թեկուզ որպես անձ եւ քաղաքացի (այլ ոչ թե իբրեւ պաշտոնյա) Պլատինիից կամ Բլատերից հայաստանյան վերջին իրադարձությունների մասին կարծիք հարցնելը կամ կարծիք հնչեցնելու կոչը կարող է ծիծաղելի թվալ, քանզի պատասխանն առավել քան ենթադրելի է:      

Լուս.՝ mediamax.am-ի

Մեկնաբանություններ (2)

Arpine
Ռուբեն Հայրապետյանի անունով շքեղ «Ռոլս-Ռոյսերի» պետհամարանիշերից արդեն կարելի է կռահել, թե ում են սրանք պատկանում: 08 oւ 888 համարանիշով մեքենան գրանցված է դեռեւս ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունով: 60 us 006 համարանիշովը գրանցված է մի անծանոթ մարդու անունով, բայց հայտնի է, որ իր մանդատը ստանալու համար ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԿՀԸ էր գնացել հենց այդ «Ռոլս-Ռոյսով»: Երեկ այս մեքենաները իրար կողքի էին հայտնվել Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ` ինչ-որ միջոցառման առիթով: Խնդիրն այն չէ, որ այս երկու մեքենաներն իրար հետ արժեն մոտ 1.5 միլիոն դոլար: Խնդիրն այն է, որ այս երկու անձանց պատկանող մեքենաները իրար հետ մեկ տեղում տեսնելով` հասկանում ես, որ անպատժելիության մթնոլորտը Հայաստանում հասել է իր գագաթնակետին: Երկու ավտոմեքենաների վրայից էլ բացակայում են դիմացի համարանիշերը: Երկու մեքենաների դիմապակիներից էլ բացակայում են ԱՊՊԱ եւ տեխզննության կտրոնները: Այսինքն, կանգնած վիճակում գտնվող ավտոմեքենաների համար հնարավոր բոլոր խախտումներն այս երկու ավտոմեքենաների վրա առկա են: Կասեք` մանրո՞ւք է: Կասենք` եթե մեքենայի պարագայում նրանք հրապարակավ անում են առավելագույն հնարավոր բոլոր խախտումները, պատկերացնո՞ւմ եք` նրանք ինչ են անում իրենց գործունեության մեջ: Դե՛ ասեք, որ Նեմեցը կապ չունի «Հարսնաքարի» սպանության հետ: Եթե ոստիկանությունը ամեն օր տեսնում է այս ավտոմեքենաները` առանց պետհամարանիշերի ու կտրոնների եւ չի կանգնեցնում ու տուգանում, ապա ինչո՞ւ պետք է նույն ոստիկանությունը բացահայտի նրանց նմանների մասնակցությունը այս կամ այն սպանությանը:
SUREN
Նեմեցը պետք է դատվի ՀՀ–ում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter