HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի գերագույն դատարանը չեղարկել է դատական բարեփոխումների մասին Նեթանյահուի կառավարության նախաձեռնությունը

Իսրայելի գերագույն դատարանը չեղարկել է փոփոխությունները, որոնք թույլ չէին տալիս այդ երկրի դատական իշխանության գլխավոր մարմնին չեղարկել Կնեսետի ու վարչապետի որոշումները։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Այս փոփոխությունն ընդունվել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության կողմից և դատարանին զրկում էր օրենքները չեղարկելու հնարավորությունից։ Մինչ փոփոխության ի հայտ գալը, երկրում գործում էր «ողջամտության սկզբունքը», որը մշակվել էր Գերագույն դատարանի կողմից՝ գործադիր մակարդակի որոշումները ստուգելու համար։ Դրա էությունը կայանում էր նրանում, որ Գերագույն դատարանը կարող էր չեղարկել պետական իշխանության մարմինների կողմից ընդունված օրենքները, որոշումները և ենթաօրենսդրական մյուս ակտերը։ Այլ կերպ ասած, դատական իշխանությունն սահմանադրական ճանապարհով կարողանում էր ազդել իշխանության մյուս ճյուղերի կողմից ընդունված քաղաքական որոշումների վրա ու Իսրայելում կարողանում սահմանափակել գործադիր ու օրենսդիր ճյուղերի լիազորությունները։ 

«Ողջամտության սկզբունքը», մասնավորապես, կիրառվել է, նախարարական պաշտոնից քաղաքական գործիչ և ՇԱՍ կուսակցության առաջնորդ Արիե Դերիին հեռացնելիս: Դատարանը որոշել էր, որ Դերին, խարդախության մեղադրանքների պատճառով, չի կարող լինել Իսրայելի կառավարության նախարար: Ազատության դիմաց Դերին խոստացել էր հեռանալ քաղաքականությունից, բայց չէր կատարել խոստումը։ Այդ ժամանակ դատարանը նրան զրկել էր նախարարական աթոռից։

The Jerusalem Post-ը նշում է, որ «Ողջամտության սկզբունքի» սահմանափակումը կարող է թուլացնել Կնեսետի, կառավարության ու Գերագույն դատարանի միջև լարվածությունը, քանի որ դա կհանգեցներ նրան, որ դատարանը չէր քննարկի ընտրված պաշտոնյաների կայացրած որոշումները։

Մյուս կողմից, սակայն, առաջարկվող օրենքն իր ներկայիս տեսքով արմատական էր և բացառում էր Գերագույն դատարանի կողմից վարչապետի, նախարարի կամ ցանկացած այլ ընտրված պետական պաշտոնյայի կողմից ընդունված ցանկացած որոշման քննարկման ու վիճարկման հնարավորությունը:

2023 թվականին Նեթանյահուի առաջ քաշած այս նախագիծը բողոքի լայնամասշտաբ ալիք էր բարձրացրել Իսրայելում։ Բազմաթիվ իսրայելցիներ մտավախություններ ունեին, որ այդ փոփոխությունն առաջին քայլն էր դեպի բռնապետություն։ 

Լուսանկարը՝ Debbie Hill/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter