
Մենք Ուկրաինայի հետ ենք, իսկ Ռուսաստանը պատասխան կտա հանցագործությունների համար. Բորել
Ռուսաստանին կստիպեն պատասխան տալ իր ռազմական հանցագործությունների համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ռուսաստանը սկսել է նոր տարին՝ ավելի քան հարյուր հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր արձակելով Կիրի, Խարկովի և այլ քաղաքների ուղղությամբ, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, ոչնչացնելով բնակելի թաղամասերն ու կենսապահովման ենթակառուցվածքները»,- գրել է Բորելը։
Russia started the new year by shooting over a hundred of missiles and drones at Kyiv, Kharkiv and other cities, targeting civilians, destroying residential neighbourhoods and life-supporting infrastructure.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) January 2, 2024
Russia will be held to account for its war crimes
We #StandWithUkraine
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի իր ռազմական հանցագործությունների համար։ «Մենք կանգնած ենք Ուկրաինայի հետ»,- պնդել է եվրոպացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի առավոտյան Ռուսաստանը զանգվածաբար հրթիռակոծել էր Ուկրաինայի տարածքը։ Ուկրաինայի ԶՈւ գերագույն հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել էր, որ ռուսական զինուժն արձակել է տարբեր տիպի 99 հրթիռ, որից 72-ը հաջողվել է խոցել։
Զանգվածային հրթիռակոծությունից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևն արևմտյան երկրներից արձագանք ու վճռական միջոցներ է ակնկալում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաիայի տարածքի վերջին հրթիռակոծությունը վկայում է ցանկացած բանակցության նկատմամբ Մոսկվայի մոտ հետաքրքրվածության բացակայությունը։
Լուսանկարը՝ Olivier Matthys/Pool via Reuters
Մեկնաբանել