
ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին
Հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին։ Երևանը առաջիկա մեկ տարվա ընթացքում կնախագահի այս կառույցի բոլոր մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում:
ԵԱՏՄ-ին անդամակցում է 5 երկիր. Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։
Խոսելով հայկական նախագահության առաջնահերթությունների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ:
«Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի»,- ընդգծել էր Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը կարևորում է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որը հիմնված է ԵԱՏՄ միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգային և առաջնահերթ ուղղությունների վրա:
Անցած տարի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները հաստատել էին Միության՝ մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը հետագա զարգացման մասին հռչակագիրը: Ինչպես նշել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հռչակագիրը ծրագրային բնույթի նոր փաստաթուղթ է, որով նախատեսված են առանցքային ոլորտներում համատեղ ջանքերի մեծացմանն ուղղված քայլերն ու սահմանվել էին փոխգործակցության լրացուցիչ ոլորտներ:
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել