HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Ղազախստանին

2024 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին։ Նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում Ղազախստանի ԱԳ նախարար Մուրաթ Նուրթլեուն հայտարարել էր, որ Ղազախստանի իշխանությունները պատրաստ են շարունակել ՀԱՊԿ առաջանցիկ զարգացման կուրսը՝ ի շահ անդամ բոլոր երկրների:

Հաջորդ օրը՝ Մինսկում կայացած ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել էր Ղազախստանի նախագահության ընթացքում այդ երկրի հիմնական առաջնահերթությունները:

Նա հատուկ ուշադրություն էր դարձրել անվտանգության հարցերին, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու ուղղությամբ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը: Տոկաևը հավաստիացրել էր, որ Ղազախստանի նախագահության ընթացքում «մեծ ուշադրություն է դարձվելու Հավաքական անվտանգության համակարգի հակաահաբեկչական բաղադրիչին»: Բացի այդ, Աստանան առաջարկել էր ակտիվացնել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին առընթեր ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով փորձագետների աշխատանքային խմբի գործունեությունը:

Ղազախ քաղաքագետ Թալգաթ Կալիևը ռուսական TACC գործակալության հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ-ում իր նախագահության շրջանում Ղազախստանը կաշխատի կազմակերպության իմիջի ու անդամ երկրների դիրքորոշման համաձայնեցման ուղղությամբ։ «Հաշվի առնելով Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մոտեցումները՝ որպես մեծ փորձ ունեցող պրոֆեսիոնալ դիվանագետի՝ կարծում եմ, որ առաջին հերթին աշխատանք տարվելու է իմիջի, ներքին դիրքորոշումների համաձայնեցման և կազմակերպության հռետորաբանության հետևողականության ուղղությամբ։ Այդ մասին Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արդեն իսկ խոսել է Մինսկում։ Կարծում եմ, որ այդ հարցերը օրակարգում կլինեն կազմակերպությունում Ղազախստանի նախագահության ընթացքում»,- հայտարարել է Կալիևը։ 

Որպես առաջիկա աշխատանքի բարդություններից մեկը՝ ղազախ քաղաքագետը նշել է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման անորոշությունը և Մինսկում Հավաքական անվտանգության խորհրդի վերջին հանդիպմանը Երևանի ներկայացուցիչների բացակայությունը։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել նաև անդամ երկրների շրջանում տարածաշրջանային հակասությունների առկայությանը՝ օրինակ բերելով Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային հակասությունը։ «Երբ անդամների մեջ համաձայնություն չկա, դժվար է խոսել արդյունավետության մասին: Ուստի ստիպված կլինենք շատ հարցեր վերաձևակերպել, դրանք պետք է բարձրացվեն, քննարկվեն, հասնեն դիրքորոշումների ինչ-որ միասնության։ Առաջին հերթին, եթե մենք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ն ունենա հետևողական ու հեղինակավոր կազմակերպության իմիջ, ապա պետք է լինի հետևողականություն հայտարարություններում, մոտեցումներում։ Ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք կազմակերպության մասին, բոլոր անդամների հռետորաբանությունն ու դիրքորոշումը պետք է համաձայնեցվեն»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter