
Խամենեին իրանական զինուժին կոչ է արել ուղիղ բախման չգնալ ԱՄՆ-ի հետ
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Իրանի զինված ուժերի հրամանատարներին կոչ է արել ցանկացած գնով թույլ չտալ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բախում։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Խամենեին կարծում է, որ Իրանի Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունները իսրայելական արշավի մի մասն են, որի նպատակը համաշխարհային հանրության ուշադրությունը Գազայի հատվածում առկա իրավիճակից շեղելն է: The New York Times-ը գրում է, որ որպես պատասխան՝ այաթոլան հրամայել է սահմանափակվել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով և Իրաքում ու Սիրիայում ամերիկյան ռազմակայանների վրա իրանամետ ուժերի հարձակումներով։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Խամենեին իրանցի հրամանատարներին հորդորել է պահպանել «ռազմավարական հանդարտություն» ու կոչ արել անել հնարավորը՝ ԱՄՆ-ի հետ ուղիղ ռազմական առճակատման չգնալու համար:
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել