
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Խարկովն ու Դոնեցկի մարզը
Այս գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքը։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
Վերջինիս խոսքով՝ հարվածի հետևանքով ավերվել են մանկապարտեզը, դպրոցը, պրոֆիլակտորիան և մի սրճարան, վնասվել են մի քանի բազմահարկ շինություններ։
Նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հայտարարել է, որ նախորդ երեկոյան՝ ժամը 22:40-ի սահմաններում, ռուսական զորքերը հրթիռային երկու հարված են հասցրել Խարկով քաղաքի Շևչենկովսկու շրջանին։
Սինեգուբովի տվյալներով՝ հարվածը հասցվել է С-300-ի հրթիռներով։ Ինչպես պնդում է Խարկովի կայազորի պետ Սերգեյ Մելնիկը, հրթիռներն արձակվել էին Բելգորոդի շրջանից։
Հարվածի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Պայթյունի ալիքի հետևանքով վնասվել են բնակելի շենքերից մեկի լուսամուտները։
Խարկովի և Կուրախովոյի հրթիռակոծության փաստը հաստատել է նաև Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Բացի այդ, զինվորականների տվյալներով, հունվարի 4-ի գիշերը ռուսական բանակն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է Shahed տեսակի երկու անօդաչու։ Երկու անօդաչուներն էլ խոցվել են Խմելնիցկիի մարզում։
Լուսանկարը՝ Վադիմ Ֆիլաշկինի տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել