HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենամսյա հավելավճար՝ գիտնականներին

Կառավարությունը 2024 թվականի հունվարի 4-ի նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ստորեւ՝ ԿԳՄՍՆ հաղորդագրությունը թեմայի վերաբերյալ։

«ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ վարձատրության համակարգի  հստակեցումը կարևոր քայլ է:

«ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում կարևոր տեղ է զբաղեցնում փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքության ցուցանիշը 1 մլն բնակչի հաշվով: Սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և իրականացնում են գիտական գործունեություն: Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել, որ մեր երկրում 1 մլն բնակչի հաշվարկով այդ ցուցանիշը  մոտ 830 է, որով մենք էականորեն զիջում ենք այլ երկրների, այդ թվում՝ տարածաշրջանում:

ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում շեշտել է գիտաշխատողների՝ ամբողջական զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը խրախուսելու քաղաքականության կարևորությունը:

Ներկայում գիտական աստիճանի հավելավճարի գործող չափը սահմանված է ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմամբ, որը լրամշակվել է 2015 թվականին: Ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվում են ամենամսյա հավելավճարներ` գիտությունների դոկտորին 50 000 դրամի, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամի չափով: 

Գիտնականին հավելավճարը հատկացվում էր, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրություն ունենալու դեպքում: 

2022 թ․ հունվարից ՀՀ կառավարության՝ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացմանն ուղղված քաղաքականության արդյունքում ներկայում անգամ համատեղությամբ աշխատող գիտնականի վարձատրությունը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը: Ստեղծվել էր մի վիճակ, երբ գործող կարգով առանց որևէ նախապայմանի հավելավճար էր տրամադրվում բոլորին: 

Նոր փոփոխություններով կանոնակարգվում են գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը (գիտությունների դոկտորին` 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ): Սահմանվում է, որ հավելավճար կստանան միայն այն գիտաշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն ամբողջական ծանրաբեռնվածությամբ:

«Այս մոտեցմամբ հավելավճարի տրամադրման վերոնշյալ գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան: Սա կարևոր է, որպեսզի գիտական գործունեությունը դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով, ըստ նախնական դիտարկումների, ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում իրականացվող ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից շուրջ 778-ը (36 %) հանդիսանում են համատեղությամբ կամ ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներ: Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել՝ այս կերպ կխրախուսվի, որ նրանք նույնպես անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ գիտական աշխատանքի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացումը շարունակական է. «Կարծում ենք՝ գիտաշխատողների ներուժը Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է ավելի գործնական առումով: Գիտությամբ ավելի ակտիվ զբաղվելու որոշակի պայմաններ արդեն իսկ ստեղծել ենք: 2024 թվականին մի քանի միլիարդ դրամի գիտական սարքերի ձեռքբերում է նախատեսվում, բայց դրանք պետք է մեր գիտնականներն օգտագործեն՝ ստեղծելով գիտական արդյունք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան վարչապետի՝ գիտական աստիճանաշնորհման գործընթացի մասին հարցին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում փոխվել է գիտական աստիճանաշնորհման մոտեցումը՝ երկաստիճան համակարգից անցում կատարելով միաստիճան համակարգին: 

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև գիտական կադրերի ատեստավորման կարգին, որը ևս նպատակ ունի խրախուսելու ավելի ինտենսիվ գիտական գործունեությունը: Նախարարի խոսքով՝ հավելավճարների քաղաքականությունը փոխկապակցված է ատեստավորման գործընթացի հետ, որի հիմքում գիտական նվաճումներն են:  

Ակնկալվում է, որ ընդունված որոշումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը՝ բարձրացնելով   պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությանը։

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter