HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում դարձյալ հայտարարել են Երևանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի հարցում զգալի առաջընթացի մասին

Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի տեքստի հարցում, սակայն դեռևս առկա են չլուծված հարցեր: Այդ մասին գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը հասնելու համար։ Մենք իսկապես հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն կա, և մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ մի քանի չլուծված հարցեր կան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիևի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, «ղարաբաղյան հարցն ամբողջությամբ հանվել է օրակարգից»։

«Այս պահին մենք լուրջ խոչընդոտներ չենք տեսնում խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այժմ երկու երկրների հարաբերություններում մենք տեսնում ենք վերջին 30 տարվա ամենահանգիստ օրերը։ Զորանոցներ երկու բանակների վերադառնալուց հետո՝ նույնիսկ փոխհրաձգության դեպքեր չեն գրանցվել»,- ընդգծել է Հաջիևը։

Նա նշել է, որ վերջերս Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումը նույնպես դրական մթնոլորտում է անցել: «Սակայն դեռևս դժվար է խոսել պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների անցկացումը»,- ասել է Հաջիևը՝ հավելելով, որ Բաքուն նպատակահարմար չի համարում իրեն կաշկանդել խիստ ժամկետներով՝ դրանով իսկ աշխատելով ժամանակի ճնշման տակ։

Անդրադառնալով բանակցային հարթակներին՝ Հաջիևն ասել է, որ անցկացման վայրը ադրբեջանական կողմի համար նշանակություն չունի: «Ամենակարևորն արդյունքն է։ Մենք կողմ ենք արդյունքի վրա հիմնված բանակցություններին։ Սկզբունքորեն մենք դեմ չենք ազնիվ աջակցությանը, բայց նախապատվությունը տալիս ենք ուղիղ բանակցություններին։ Այսօր խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքներ են տանում ուղիղ Բաքուն ու Երևանը»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Yazeed Al-Samrani-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter