
Էմանուել Մակրոնը մտադիր է խոշոր վերադասավորումներ իրականացնել ֆրանսիական կառավարության կազմում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վերադասավորումներ իրականացնել ֆրանսիական կառավարության կազմում։ Journal du Dimanche շաբաթաթերթի տվյալներով՝ փոխարինման վտանգի տակ են Ֆրանսիայի վարչապետն ու որոշ նախարարներ։
Ինչպես հիշեցնում է պարբերականը, «ֆրանսիացիներին ուղղված իր ամանորյա ուղերձում Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է նոր կուրսի մասին ու շնորհակալական խոսքեր հղել վարչապետ Էլիզաբեթ Բորնին, ինչը քաղաքականության մեջ սովորաբար խորհրդանշում է պաշտոնաթողություն»։
Շաբաթաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մակրոնն իր երկրորդ նախագահական հնգամյակում, չունենալով նոր մանդատի հեռանկար (նկատի ունի երրորդ ժամկետի վերաբերյալ սահմանադրական արգելքը-խմբ.), «բացարձակ լոյալ զինակցի կարիք ունի, որը զուրկ է սեփական քաղաքական հավակնություններից»:
Պարբերականի կարծիքով՝ Բորնի հավանական փոխարինողների ցանկում 4 թեկնածու է։ Ցանկը գլխավորում է քաղաքական վետերան, Ֆրանսիայի ազգային ժողովի նախկին խոսնակ, 61-ամյա Ռիշար Ֆերանը։
Վերլուծաբանների շրջանում մեծ հեղինակություն ունի նաև կաբինետի ամենաերիտասարդ անդամը՝ կրթության 34-ամյա նախարար Գաբրիել Ատալը, որը նախկինում զբաղեցնում էր կառավարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնն ու հանդես գալիս դրա անունից։
Քառյակը եզրափակում են Մակրոնի մերձավոր շրջապատի երկու ազդեցիկ քաղաքական պաշտոնյաները՝ զինված ուժերի 37-ամյա նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ու գյուղատնտեսության 43-ամյա նախարար Ժուլիեն Դենորմանդին։
Շաբաթաթերթի կարծիքով՝ իրենց պաշտոնները կարող են կորցնել տրանսպորտի նախարար Կլեման Բոնը ու մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը: Ավելի վաղ նրանք դեմ էին արտահայտվել ներգաղթի մասին նոր օրենսդրությանը, ինչը դժգոհություններ էր առաջացրել Ելիսեյան պալատում։
Էլիզաբեթ Բորնը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։ Կառավարության ներկայիս կազմը հաստատվեց 2 ամիս անց։
Լուսանկարում՝ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնն ու նախագահ Էմանուել Մակրոնը, Getty Images
Մեկնաբանել