
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 23 հազարը
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 23 հազարը։ TACC գործակալության փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
«Իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը աճել է մինչև 23 084-ի»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է այդ կառույցի տելեգրամյան ալիքում։
Գերատեսչությունում նշել են, որ անցած օրվա ընթացքում տուժածների ընդհանուր թիվը նույնպես աճել է ու ներկայումս այն կազմում է 58 926: Ըստ պաղեստինյան կողմի, ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 249 մարդ, վիրավորվել՝ ևս 510-ը։
Հունվարի 7-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանը պնդում էր, որ Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 29 722-ի, որոնց թվում առնվազն 10 հազարը երեխաներ են, իսկ 7 հազարը՝ կանայք։
Լուսանկարը՝ Ramez Mahmoud/AP Photo
Մեկնաբանել