Կուսումնասիրվի Սևանա լճի ստորջրյա ավազանը
Հուլիսի 10-ից 24-ը կիրականացվի Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը, կշարունակվեն 2010 և 2011թթ. գիտարշավների աշխատանքները, որոնց արդյունքները հուսադրող էին հայ գիտնականների համար:
Ֆրանս-հայկական այս առաքելությունն իրականացվում է ծրագրի երեք կրողներ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող), Գաբրիել Մելիքյանի և Ստեփան Կոջայանի, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից գիտահետազոտական ինստիտուտների և պետական մարմինների սերտ համագործակցությամբ: Նրանք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ:
Այսուհետև այս գիտարշավները կիրականացվեն վերջերս հիմնադրված Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո՝ նախագահ Կլոդ Թուլումջյանի և փոխնախագահ Արա Ավագյանի գլխավորությամբ:
Ստորջրյա այս ուսումնասիրությունների նպատակն է ամրապնդել անցյալ տարիներին ձեռք բերված նախնական արդյունքները, շարունակել գիտնականների համար նմուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի և լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի (ձկներ, խեցգետիններ) հաշվառումները և ֆլորայի նկարագրությունը, ստանալ այլ տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումների կամ երկրաբանական ուսումնասիրություններին, իրականացնել հոսանքների չափումներ և բացահայտել ստորջրյա աղբյուրներ:
Ծրագիրը առնչվում է հետևյալ բնագավառներին՝ հիդրոերկրաբանություն, ձկնաբուծություն, երկրաբանական գիտություններ, բնապահպանություն, հնագիտություն և ազգագրություն, քարանձավագիտություն և պատմություն:
Այս տարի հնագիտական աշխատանքներ կտարվեն Սևանա լճի հատակում՝ 15մ խորության վրա հայտնաբերված վթարված նավի բացահայտման ուղղությամբ:
Ձեռբերված բոլոր տարրերը կտրամադրվեն հայ գիտնականներին՝ հետագա հետազոտությունների նպատակով: Դրանց ուսումնասիրության արդյունքները անմիջականորեն կապված են քաղցրահամ ջրի այս ջրավազանի էկոլոգիական հավասարակշռության հետ, որն ունի մեծ ռազմավարական նշանակություն ազգային, հատկապես տարածաշրջային կարևորություն:
Կատարված աշխատանքներից հետո տեղի բնակիչները ավելի տեղեկացված կլինեն Սևանա լճի մասին, ինչպես նաև նյութեր կտրամադրվեն թանգարաններին, մասնավորապես «Սևան» ազգային պարկի թանգարանին, որն աջակցում է ՍՀՍՀԿ-ի գիտարշավների իրականացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել