
Volkswagen-ը ինտեգրում է ChatGPT-ն իր մեքենաներում
OpenAI-ի հայտնի ChatGPT-ն հասանելի կլինի Volkswagen մակնիշի ավտոմեքենաներում։ Ավտոարտադրողը ներկայացրել է իր առաջին տրանսպորտային միջոցները, որոնց ձայնային օգնականը ներառում է ChatGPT չաթբոտը։
Volkswagen-ը ChatGPT-ի միջոցով հզորացրել է IDA ձայնային օգնականը՝ մեքենայի և վարորդի միջև ավելի բնական հաղորդակցություն ապահովելու համար:
Չաթբոտը կարելի է ակտիվացնել՝ օգտագործելով «Hello IDA» արտահայտությունը կամ սեղմելով ղեկի համապատասխան կոճակը: Վարորդները կարող են օգտագործել նոր համակարգը՝ կառավարելու հիմնական գործառույթները, օրինակ՝ մեքենայի սրահի ջերմաստիճանը, կամ պատասխանելու ընդհանուր զարգացվածության հարցերի։
«Volkswagen-ը տեխնոլոգիաները միշտ հասանելի է դարձրել շատերի համար: Սա պարզապես արմատացած է մեր ԴՆԹ-ում: Մենք այժմ առաջին խոշոր արտադրողն ենք, որն այս նորարարական տեխնոլոգիան դարձրել է մեքենաների համար ստանդարտ հատկանիշ»,- ասել է Volkswagen ապրանքանիշի տեխնիկական զարգացման կառավարման խորհրդի անդամ Քայ Գրյունիցը:
Չաթբոտը հասանելի կլինի Volkswagen-ի ողջ շարքում՝ Tiguan, Passat, Golf մոդելներում, ինչպես նաև ավտոարտադրողի ID էլեկտրական մեքենաներում:
Մեքենաները Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում հաճախորդների համար հասանելի կլինեն այս տարվա գարնանը։
Լուսանկարը՝ Volkswagen Newsroom-ի
Մեկնաբանել