HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանները զբոսայգում ծխող քաղաքացուց հարցրել են անուն-ազգանունը, հեռախոսահամարը և օրեր անց ուղարկել տուգանքի որոշումը

Մեծամորի բաժնի ոստիկանները 2023թ. դեկտեմբերի 18-ին մոտեցել են Արմավիրի կենտրոնական զբոսայգում ծխող Ռաշիդ Ավդոյանին և նախազգուշացրել, որ չի կարելի ծխել: Քաղաքացին ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ նախազգուշացնող ցուցանակ չկա՝ ծխելն արգելելու վերաբերյալ, ու չի իմացել արգելքի մասին: Ոստիկաններն ասել են, որ այս անգամ միայն նախազգուշացնում են, հաջորդ անգամ կտուգանեն: Հեռանալու ժամանակ ոստիկանները հարցրել են քաղաքացու անուն-ազգանունն ու հեռախոսահամարը: Օրեր անց քաղաքացին ստացել է որոշումը՝ 50 000 դրամ տուգանվելու մասին:

Ռաշիդի համար անակնկալ է եղել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը: Այդ տարածքում միշտ ծխել է: Ոստիկանների այցի ժամանակ այլ քաղաքացիներ ևս ծխել են տարածքում, քանի որ երբևէ չեն հանդիպել արգելող գրությունների: Ըստ քաղաքացու՝ ոստիկանները պարզաբանել են, թե տարածքում տեսախցիկներ կան տեղադրված, դրանցից են օգտվում: Մինչդեռ այդ տեսախցիկները ոչ թե քաղաքացիներին տուգանելու համար են տեղադրված, այլ՝ անվտանգության:

Ռաշիդի փոխանցմամբ՝ ոստիկաններն իրեն չեն հայտնել, որ տուգանում են, այլ հայտարարվել է նախազգուշացման մասին, ինչն ընդունել է: Մինչդեռ առանց անձը հաստատող փաստաթղթի, անուն, ազգանուն և հեռախոսահամարով ոստիկանները նույնացրել են քաղաքացուն՝ պատշաճ չտեղեկացնելով այդ մասին:

Ռաշիդ Ավդոյանը նշում է, որ ինքը որևէ փաստաթուղթ չի ստորագրել, այդ թվում՝ վարչական իրավախախտման արձանագրության տակ: Նախ՝ ոստիկանները չեն առաջարկել ստորագրել, հետո էլ իրեն չի բացատրվել վարչական պատասխանատվության ենթարկելու և բողոքարկելու կարգը: Որոշումը ստանալուց հետո է միայն իմացել, որ տուգանվել է:

Ռաշիդ Ավդոյանին տուգանել են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դ կետի պահանջները խախտելու համար, այն է՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում:

Քաղաքացին փոխանցում է, որ ինքը ծխել է զբոսայգում՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակից հեռու:

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ դեկտեմբերի 18-ին քաղաքացին ինքն է իր անձնական տվյալները՝ բնակության հասցե, ծննդյան տարի, փոխանցել է ոստիկանության ծառայողներին։ Հեռախոսահամար հարցնելու անհրաժեշտություն չի եղել։

Ըստ՝ Ն. Սարգսյանի, արձանագրությունը կազմվել է տեղում, սակայն քաղաքացին հրաժարվել է իր օրինակը վերցնել։ Նրան տեղում ասվել է, որ դեկտեմբերի 25-ին վարչական վարույթով լսումներ են լինելու, սակայն Ռ. Ավդոյանը հրաժարվել է ծանուցագիրը վերցնել ու ներկայանալ լսումներին։

Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ որևէ ապացույց, որ քաղաքացին ծանուցվել է վարչական վարույթի մասին, ինչին ի պատասխան Ն. Սարգսյանը փոխանցեց, որ տեղում է ծանուցվել, լրացուցիչ ծանուցագիր չի ուղարկվել։

Եթե ընդունենք նախարարության պարզաբանումը, ինչը հակասում է քաղաքացու հայտնած տվյալներին, ապա բաց է մնում կարևոր հարցը՝ ինչպե՞ս է ապացուցվելու, որ քաղաքացին իրականում տեղյակ է եղել, որ իր դեմ վարչական վարույթ է հարուցվել, և պատշաճ ծանուցվել է դրա մասին։

Ռաշիդ Ավդոյանը պնդում է, որ իրեն չեն տեղեկացրել վարույթի, տուգանելու մասին։ Չեն հարցրել նաև բնակության հասցեն։ Ինքն է ասել, որ Արմավիրի կողքի գյուղից է, տեղեկացված չէ արգելքի մասին, սակայն ոչ գյուղի անունն է նշել, ոչ տան հասցեն։

Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցինք, թե Արմավիրի զբոսայգիներում կա՞ն ծխելու համար առանձնացված վայրեր կամ տեղադրվա՞ծ են ծխելն արգելելու վերաբերյալ գրություններ:

Համայնքի ղեկավարը պարզաբանեց, որ առանձնացված տարածքներ չկան: Զբոսայգիներում ցուցանակներ ևս տեղադրված չեն, սակայն պարբերաբար թղթեր են փակցնում, որ ծխելն արգելվում է:

«Ճիշտն ասած՝ այս պահին չգիտեմ՝ դրանցից քանիսն է մնացել կամ չի մնացել, բայց մի քանի անգամ ինքնակպչուն թղթերով փակցրել ենք, կարծում եմ որոշները պահպանվել են»,- ասում է Դավիթ Խուդաթյանը:

Գլխավոր նկարը` Նարե Պետրոսյանի (ստեղծվել է DALL·E 3-ի միջոցով)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter