
100 հազար դրամ տուգանք՝ լեռնադահուկային համալիրն առանց փորձաքննության կառուցելու համար
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում գործող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, 2022 թվականի ընթացքում մինչև շինարարական աշխատանքների նախաձեռնելը, չի իրականացրել ճոպանուղիների, հյուրանոցային և ռեստորանային հանգույցի կառուցման համար կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի շրջակա միջավարի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն։ Այս մասին մեզ հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարից գործում է «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, որը ներառում է ճոպանուղին, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքները։ Սակայն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը ներկայացրել էր փորձաքննության 2023թ․․ տարվա աշնանը` հայտը Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է հոկտեմբերի 4-ին։ Հետևաբար կառուցապատում, շինարարություն և գործունեություն իրականացրել էր՝ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։
Տեսչական մարմնին հարցրել էինք՝ արդյոք տեսուչները երբևէ այցելել են նշված տարածքներ, չե՞ն նկատել, թե ինչպես է կառուցվում հսկա համալիրը, ստուգայցեր չե՞ն կազմակերպվել տարածքում, տեսուչներին չի՞ հետաքրքրել, թե ինչու են հատվում ծառերը, կա՞ն համապատասխան թույլտվություններ և ՇՄԱԳ նախագիծ։ Մեր հարցման հիման վրա Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունն արդեն ՇՄԱԳ դրական եզրակացություն ունի՝ տրվել է 2023թ․ նոյեմբերի 16-ին, բայց մինչ կառուցապատումը չի ունեցել։
Տեսչական մարմնի ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են (իրավախախտման պահին գործող խմբագրությամբ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջները։ Այն է՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա են ռեկրեացիայի և զբոսաշրջության բնագավառներում` հիմնադրութային փաստաթղթով չնախատեսված զբոսայգիները կամ պուրակները կամ անտառապուրակները, հանգստի գոտիներ, ինչպես նաև ճոպանուղիները։
Այս խախտումների համար Տեսչական մարմինը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 941 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։ Վարչական տույժի չափը մեր պատասխանում Տեսչական մարմինը չէր նշել։ Արագածոտնի տարածքային բաժնի պետ Սողոմոն Գալստյանը մեզ հայտնեց, որ ընկերության նկատմամբ 100 հազար դրամի տուգանք է կիրառվել՝ համաձայն այդ պահին գործող հոդվածի։
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 941 հոդվածն այժմ սահմանում է նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով տուգանք, որը կազմում է 5 մլն դրամ։ Իսկ իրավախախտման պահին գործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկ տուգանքի չափը, որը կազմում է 100 հազար դրամ։
Ինչ վերաբերում է հատված անտառներին, ապա Տեսչական մարմինը հայտնել է, որ ընկերության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է անտառային հողերի ժամանակավոր օգտագործման հանձնման պայմանագիր՝ ճոպանուղու և սահուղիների կառուցման և հետագա շահագործման նպատակով։ Համաձայն կողմերի միջև կնքված վնասի հատուցման պայմանագրերի՝ անտառային տարածքին հասցվող վնասի հատուցման նպատակով ՊՈԱԿ-ի կողմից պետք է իրականացվի տարածքի կրկնապատիկից մինչև հնգապատիկի չափով անտառապատում։ Անտառապատման աշխատանքները պետք է իրականացվեն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի տրամադրած ֆինանսական միջոցներով։
Լուսանկարը՝ «Մայլեռ»-ի կայքից
Մեկնաբանել