
Բանկային սակագների, թվայնացման, կրիպտոարժույթների եւ ֆինանսական համակարգի հարցերը քննարկվել են Ազգային ժողովում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հունվարի 10-ին բանկային համակարգի բարեփոխումներին միտված աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Հանդիպմանը մասնակցել են ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները, ԿԲ նախագահը, տեղակալները, ԿԲ խորհրդի անդամները եւ ոլորտի պատասխանատուները:
Ազգային ժողովի հաղորդմամբ՝ առանցքում եղել են բանկային սակագների, թվայնացման, կրիպտոարժույթների եւ ֆինանսական համակարգի այլ հարցեր:
Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ վերոնշյալ ուղղությունների վերանայումը վաղուց անհրաժեշտություն է եղել, իսկ հիմքում նորօրյա տնտեսական զարգացումներին համընթաց քայլելու պահանջն է:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ փաստել էր, որ երկրի գլխավոր դրամատան համար խիստ կարեւոր են այն ազդակները, որոնք ԱԺ պատգամավորները ստանում են քաղաքացիներից եւ փոխանցում իրենց:
Քննարկումներն ընթացել են երեք հիմնական ուղղությամբ:
Ներկայացնելով բանկային սակագների հատվածը` Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գեւորգյանը նշել է, որ վճարային քարտերի դաշտում կան մի քանի զարգացումներ: «Մասնավորապես, վճարային քարտերով, ֆիզիկական POS տերմինալներով եւ վիրտուալ տերմինալներով գործարքների քանակն աճել է ե'ւ ծավալային, ե'ւ քանակային առումով: Կանխիկացման եղանակով վճարումների քանակը չի աճել: Սա բավականին դրական տեղաշարժ է: Ծախսերի հիմնական բեռն ընկել է սուպերմարկետների, սննդի կետերի, հյուրանոցների եւ առողջապահության ոլորտի վրա: Ֆիզիկական POS տերմինալների ցանցն ընդլայնելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել»,- հայտնել է Գարեգին Գեւորգյանը:
Խոսելով անկանխիկ գործարքների մասին` զեկուցողը նշել է, որ դրանց սակագները եւս նվազել են: 2021 թվականի համեմատությամբ միջին սակագինը 1,43 տոկոսից նվազել է 1,33 տոկոսի, բայց ցանկալի արդյունքը դեռեւս չի արձանագրվել:
Անդրադառնալով սոցիալական հարցերին` Գարեգին Գեւորգյանը նշել է, որ գյուղական բնակչության գերակշռող մասի համար POS տերմինալի հասանելիությունն ապահովված է: Զեկուցողը հայտնել է, որ 1000-ից ավելի բնակիչ ունեցող բոլոր գյուղերում POS տերմինալներ արդեն իսկ տեղադրված են: Փոքր գյուղերում պատկերն այլ է, պատճառը տնտեսվարող սուբյեկտների ու նրանց դիմումների բացակայությունն է:
Բանախոսի խոսքով էապես ավելացել է կենսաթոշակառուների կողմից քարտերի օգտագործումն ու թոշակների անկանխիկ ստացումը: 2023 թվականին «cash back» ծրագրի շրջանակում կենսաթոշակառուներին մոտ 2,3 մլրդ դրամ է վերադարձվել բանկերի կողմից:
Խոսվել է նաեւ կրիպտոարժույթների եւ ակնթարթային արագության փոխանցումների մասին: Զեկուցողն արձանագրել է, որ ՀՀ ռեզիդենտների միջեւ դրամով փոխանցումների 91 տոկոսն անվճար է տեղի ունեցել ու նշել, որ սա շատ կարեւոր առաջընթաց է: Ֆիզիկական անձանց տրամադրվող բանկային ծառայությունների սակագները միջինում չեն փոխվել, դրանց մեծ մասը տրամադրվել է անվճար:
Գարեգին Գեւորգյանի խոսքով չնայած մշակույթի ձեւավորմանը` անկանխիկ վճարումները դեռ համատարած չեն:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը գործընկերներին հայտնել է, որ ավտոկայանատեղիի համար անկանխիկ դրամով վճարելու պարագայում խնդիրներ են առաջանում: Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է նաեւ ArCa քարտերի գրավչությունը բարձրացնելու հնարավորությամբ ու այն թվային ցուցանիշով, որ մեր երկրում 20-24 հազար POS տերմինալ դեռեւս չի օգտագործվում: Պատգամավորը հարցրել է` ի՞նչ պետք է անել խնդիրը լուծելու նպատակով:
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշել է, որ ArCa քարտերը հունվարի 1-ից չիպով են դառնալու, դրանք շուտով կհայտնվեն NFC համակարգում, ինչը դրանք ավելի մրցունակ կդարձնի: POS տերմինալների չօգտագործման մասով էլ նշվել է, որ կետերը բացահայտելու համար աշխատանքներ են տարվում: Կրթելու, համոզելու եւ կամ վարչարարություն իրականացնելու աշխատանքներ են տարվում ՊԵԿ-ի հետ, որպեսզի անկանխիկի համարժեքությունը համատարած լինի:
Պատգամավորները հարցեր են ուղղել ԿԲ ներկայացուցիչներին, որոնք ի թիվս այլ հարցերի վերաբերել են դրամական փոխանցումներին ու դրանց սակագներին, անկանխիկ գնումների համար գանձվող միջնորդավճարներին, ոլորտի շրջանառությանը, ստվերի դեմ պայքարին, բանկերի վարած քաղաքականությանը, թվայնացմանը եւ դրա ռազմավարությանը:
Մեկնաբանել