HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշում, «Զանգեզուրի միջանցք», սահմանի բացում. Ալիևի հարցազրույցը ադրբեջանական մեդիային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերություններին։ «Հետք»-ը ներկայացնում է հարցազրույցի՝ Հայաստանին և հայ-ադրբեջանական բանակցություններին վերաբերող հատվածները։

«Զանգեզուրի միջանցք»-ը ու հայ-ադրբեջանական սահմանի բացումը

Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ մեկ այլ հատվածում սահման բացել։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Նախիջևան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։ <...>Եթե իմ նշած երթուղին (նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը»-խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- նշել է Ալիևը։

Ալիևի խոսքով՝ այն երթուղին, որն առաջարկել է Հայաստանը, «բացարձակապես պիտանի չէ: Այն հնարավոր չի լինի օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, քանի որ այնտեղ կլիմայական պայմանները խիստ են, իսկ ռելիեֆը՝ բարդ»։ «Ամենաճիշտ տարբերակը Մեղրիի տարածքով է։ Խորհրդային տարիներին այնտեղով առանց այդ էլ անցնում էր երկաթուղին ու ավտոմոբիլային ճանապարհ էր կառուցվում»,- հավելել է Ալիևը։

Խաղաղության պայմանագրի երաշխավորների մասին

Խոսելով հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագրի կնքման ու դրա երաշխավորների մասին՝ Ալիևն ասել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման համար կողմերին երաշխավորներ պետք չեն։

«Այժմ ստեղծված են հիմնարար պայմաններ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանը ցանկանում է, որ այս հաշտության պայմանագիրը երաշխավորներ ունենա. մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ»,- նշել է Ալիևը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը կնքվում է երկու ինքնիշխան երկրների միջև։ «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այս օգնությունը պետք չէ պարտադրել»,- նշել է Ալիևը։

Ալիևն ուզում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները չդառնան աշխարհաքաղաքական թեմա։ «Դա մեր երկու երկրների միջև հարց է, և մենք ինքներս պետք է լուծենք այն։ Եթե մենք պայմանավորվենք, ապա խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե չպայմանավորվենք, կամ կշարունակենք բանակցությունները, կամ էլ դրանք կդադարեցվեն։ Երկուսն էլ հնարավոր են»,- հավելել է նա։

Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հետ զրույցի մասին

Ադրբեջանցի լրագրողներից մեկն Ալիևին հարց է ուղղել նախորդ տարեվերջին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի մասին։ Ի պատասխան՝ Ալիևը պատմել է, թե ինչ հարց է բարձրացրել Փաշինյանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած զրույցի ժամանակ։

«Մենք խոսել ենք նաև «բռնազավթված ութ գյուղերի մասին» (չակերտները՝ խմբ.)։ Այդ հարցը մշտապես օրակարգում է։ Այդ հարցը քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ընթացքում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» զրույցի ժամանակ ես բարձրացրել եմ այդ հարցը։ Այն նաև սահմանազատման հանձնաժողովի օրակարգում է։ Ասեմ նաև, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս։ Իսկ օրակարգում Տավուշ-Թովուզ հատվածի սահմանազատման քննարկումն է»,-  ասել է Ալիևը։

Այս համատեքստում Ալիևը նաև նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը չպետք է կախված լինի սահմանների սահմանազատման հարցից, քանի որ Ադրբեջանը դեռևս չի ավարտել սահմանների սահմանազատումը հարևան այլ երկրների հետ։ «Մենք կարծում ենք, որ նախ պետք է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքվի և սահմանազատման գործընթացը շարունակվի, գյուղերը վերադարձվեն։ Անկլավների հարցը կարող է լուծվել հանձնաժողովների աշխատանքի արդյունքների հիման վրա»,- նշել է նա։

Զորքերի հայելային հետքաշման մասին

Հարցազրույցի ընթացքում Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկին։ Ըստ նրա՝ նման առաջարկություն արել է ոչ միայն Երևանը, այլև մի շարք այլ երկրներ։

«Ինձ մի քանի գործընկերներ խնդրեցին, որ զորքերը հայելային հետ քաշվեն։ Ես հարցրեցի՝ ուր։ Նրանք ասացին՝ որտեղից եկել են։ Ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքու՞ վերադառնանք։ Մենք այս տարածքներում չենք եղել արդեն 30 տարի։ Եթե ​​այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա դա կնշեր։ Բայց ինքը դա սահման չէր համարում, կարծում էր, որ իր սահմանը Աղդամում է։ Հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ուստի, մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժվի, ո’չ 2021 թվականի մայիսին, ո’չ էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջներն անհիմն են, իսկ պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան։

Անդրադառնալով նոր հնարավոր պատերազմի թեմային՝ նա նշել է, որ դա չի լինի։ «Ես կանեմ ամեն հնարավորը, որ դա չլինի»,- պնդել է Ալիևը։

44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինի ու Էրդողանի հետ շփումների մասին

Իր հարցազրույցի ընթացքում Ալիևը նաև հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ ինքն առավել հաճախ հեռախոսով խոսել է իր թուրք և ռուս գործընկերներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հետ: «Սկզբունքորեն կարող եմ ասել, որ ես հազվադեպ եմ պետության որևէ ղեկավարի հեռախոսազանգերով անհանգստացնում, որովհետև կարծում եմ, որ իմ բոլոր գործընկերները շատ զբաղված մարդիկ են։ <...> Իհարկե, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ես ամենից հաճախ հեռախոսով խոսել եմ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ»,- նշել է նա։

Ալիևը հավելել է, որ եթե այսօր Ադրբեջանի համար որևէ լուրջ խնդիր առաջանա, առաջին հերթին կզանգի «իր եղբայր» Էրդողանին:

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter