Բրիտանական օսկարակիր մյուզիքլը կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին մասնակից հայ ռեժիսորներից մեկը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 2013 թվականի փառատոնին:
Այս տարի Բրիտանական խորհուրդը փառատոնի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ՝ մասնակցություն Sheffield Doc/Fest 2013 փառատոնին: Հաղթողին կընտրեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը:
Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որն ամեն տարի համախմբում է վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին՝ քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թ.-ից ի վեր անցկացվող փառատոնը ոչ միայն ֆիլմերի ցուցադրման վայր է, այլև կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:
Չարլզ Դիքենսի 200-ամյակի կապակցությամբ Բրիտանական խորհուրդը փառատոնի արտամրցութային «Գիրք և կինո» ծրագրի կազմում կներկայացնի «Օլիվեր» բրիտանական մյուզիքլը: «Օլիվեր Թվիստ» վեպի 1968 թ. այս էկրանավորումն առաջադրվել էր «Օսկար» մրցանակաբաշխության 11 անվանակարգում՝ արժանանալով միանգամից վեց «Օսկարի», այդ թվում՝ ճանաչվելով լավագույն կինոնկար և լավագույն ռեժիսորական աշխատանք:
«Օլիվեր» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 9-ին Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում, իսկ հուլիսի 12-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Բրիտանական խորհրդի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնում, երևանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել