HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի անտառ-պուրակը՝ օդում. տարածքը պետական գրանցում չունի

Սբ. Գայանե վանքի հարևանությամբ է գտնվում Էջմիածնի «անտառը»: Քաղաքում ապրողներն այդ տարածքն այդպես են անվանում: Մոտ 8 հա կանաչապատ տարածքը նախկինում անտառի տեսք է ունեցել: Այսօր մնացել է մի փոքր անխնամ այգի: Տարիների ընթացքում ծառերը հատվել են կամ չորացել: Այժմ էլ այգու տարածքում ծառեր են հատվում: Այն չունի գործող ոռոգման ցանց, ինչի հետեւանքով ամեն տարի կանաչապատ տարածքները նվազում են: Գուցե պատճառն այն է, որ համայնքապետարանը չգիտի՝ տարածքն իրե՞ն է պատկանում, պետությա՞նը, թե եկեղեցուն:

Տարիներ առաջ այգու փոքր հատվածում տեղադրվել են կարուսելներ, որոնք այժմ չեն շահագործվում և վերածվել են մետաղի ջարդոնի: Վերջին տարիներին որևէ ներդրում կամ ծախս այգում չի կատարվել: Միայն ցանկապատվել է կարուսելների հատվածը, որն ընդհանուր տարածքի շատ փոքր մասն է: Նստարանները կոտրված են, իսկ պոլիէթիլենային տոպրակները մարդկանց ոտքերի հետ կամ քամու ուղղությամբ տարածվում են:

Այգին դարձել է նաև թմրանյութ օգտագործողների հավաքատեղի: Այստեղ թմրանյութ գնելու տելեգրամյան ալիքների գովազդներ կան: Ցանկապատից դուրս՝ մոտակայքում ևս նմանատիպ գովազդներ կան, որոնք ներկերով գրվել են էլեկտրական հաշվիչների վահանակների, պատերի վրա: Պարբերաբար դրանք ջնջվում են, սակայն այգու տարածքինը՝ մնում է:

Վաղարշապատի համայնքապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչ ծրագրեր կան քաղաքի կանաչ գոտին պահպանելու համար, և ովքեր են տեղադրել կարուսելները, որոնք այժմ չեն շահագործվում:

Համայնքապետ Դիանա Գասպարյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ անտառ-պուրակը զբաղեցնում է 8.29 հա տարածք, սակայն Կառավարության 2005թ. հուլիսի 14-ի 1109-Ն որոշմամբ  այն հանդիսանում է պետական սեփականություն: Ըստ համայնքի ղեկավարի՝ քանի որ համայնքին չի պատկանում, տարածքի բարեկարգման հարցում որևէ իրավասություն չունեն:

Համայնքի ղեկավարը չգիտի, թե երբ և ով է տեղադրել կարուսելները: Այլ կերպ ասած՝ տարածքը վարձակալության կամ այլ տարբերակով օգտագործելու արդյունքում գումարները համայնքային բյուջե չեն մտել, քանի որ չկան կնքված պայմանագրեր: Ամեն դեպքում՝ Վաղարշապատի համայնքապետարանում նման պայմանագրեր չեն գտել:

Կառավարությունը 2005թ.-ին որոշել է Վաղարշապատ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1763.78 հա հողամասերից 1457.21 հա-ն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Վաղարշապատի քաղաքային համայնքին:

Կառավարությունը համայնքին անհատույց հատկացրած հողատարածքի մեջ ներառել է նաև 7.12 հա անտառային տարածքը: Պետական գույքի կառավարման կոմիտեից հաստատում են, որ տարածքը համայնքին է փոխանցվել կառավարության 2005թ.-ի որոշմամբ և իրենց հաշվեկշռում, որպես պետական սեփականություն, փոքր մասն է մնացել:

Կադաստրի կոմիտեն ևս նշում է, որ կառավարության 1109-Ն որոշմամբ 7.12 հա տարածքը պատկանում է Վաղարշապատ համայնքին, իսկ 1.08 հեկտարը դեռեւս պետական սեփականություն է: Սակայն, համայնքին փոխանցված հողատարածքը մինչ օրս պետական գրանցում չի ստացել:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը փոխանցում է, որ Սբ. Գայանե վանքի հարևանությամբ գտնվող անտառ-պուրակի 8.5 հա մակերեսով հողատարածքը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և տվյալ տարածքում գործող խաղահրապարակը փակված է կարուսելների անսարքության պատճառով: 

«Կարուսելների ապամոնտաժումից հետո ծրագրված է տարածքն օգտագործել Եկեղեցու գործունեության այլ նպատակների համար, որի մասին հանրությանը պատշաճ կարգով իր ժամանակին կտեղեկացվի»,-պատասխանել է Եսայի քահանա Արթենյանը:

Մայր Աթոռի պաշտոնական կայքում նշված է, որ Ներսես Ե Աշտարակեցի Հայրապետի ձեռնարկներից մեկը եղել է Ներսիսյան արհեստական անտառի տնկումը: Ծառատունկը տևել է չորս տարի՝ 1847-1850 թթ.: Տնկվել է շուրջ 200 հազ.ծառ՝ պտղատու և դեկորատիվ: 

«Ըստ տեղեկությունների՝ պտղատուներից 60.000-ը եղել է թթենի, իսկ 40.000-ը` ծիրանենի: Խորհրդային տարիներին պուրակն ամբողջությամբ պետականացվել է, սակայն 2003 թ. ՀՀ կառավարության որոշմամբ շուրջ 8.5 հա տարածք կրկին տրամադրվել է Մայր Աթոռին»,-նշված է կայքում:

Ստացվում է, կառավարության որոշումից 18 տարի անց դեռ հստակ չէ, թե ում է պատկանում անտառ-պուրակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter