HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։

«Առաջին ուղղության դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում և կրթական կենտրոնում այդ վերապատրաստումը պետք է անցկացվի։ Մենք այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրում ենք 50 հազար դրամ կրթաթոշակ և ևս 50 հազար դրամ՝ուսման վարձը վճարելու համար։ Այնուհետև, երբ կներկայացնի կրթաշրջանը անցնելու վերաբերյալ վկայականը, առնվազն 3 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ և երեք ամսվա ընթացքում 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն գործատուի հարկերը։ Ընդ որում, և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եվ այստեղ մի ֆիլտր կա դրված․ եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ մինչև երեք ամիս լրանալը լուծում է պայմանագիրը, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակցին փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի գումարը։ Երկրորդ բաղադրիչը վերաբերում է վճարովի աշխատանքային փորձի ձեռք բերմանը և պրակտիկային։ Գործատուի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցի միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ Այսինքն՝ գործատուին ամսական տրամադրելու ենք 165 հազար դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Ընդ որում, հարկերը հանած 120 հազար աշխատավարձ է մնում։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս երեք ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ պարտադիր հարկերը վճարելու համար։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև վեց ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային պրակտիկայի ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը։ Երրորդ բաղադրիչը միավորում է բոլոր բաղադրիչները. այսինքն՝ մասնագիտական կրթություն, վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանքի ընդունելու պարտադիր պայման»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Ըստ նախարարի՝ ծրագիրն արդեն իսկ գործարկվել է 2016-2020-ի ռազմական գործողություններին մասնակցած զինվորների համար և փորձը ցույց է տվել, որ ծրագրի շահառուների 70 տոկոսից ավելին մնացել է աշխատաշուկայում:

Անդրադառնալով ծրագրին՝ վարչապետը հետաքրքրվել է՝ գործատուն և աշխատողը ինչպե՞ս և որտե՞ղ են հանդիպում, խոսքը լիցենզավորված ուսումնական հաստատությունում մասնագիտական կրթություն ստանալու մասի՞ն է: Ի պատասխան Նարեկ Մկրտչյանը նշել է. «Ամսական կտրվածքով Միասնական սոցիալական ծառայություն են դիմում 300-500 գործատուներ, որոնք ներկայացնում են աշխատատեղերի պայմաններ և աշխատողների անհրաժեշտ հմտությունները: Մենք այդ հայտերն ընդունում ենք և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանք չեն ունեցել, ստուգում ենք թե նրանք ինչպիսի հմտություններ ունեն և եթե համապատասխանում են գործատուների ներկայացրած պահանջներին, մենք 2 օրվա ընթացքում իրենց տվյալներն ուղարկում ենք գործատուին և գործատուն ընտրում է այդ պոտենցիալ հավակնորդներին: Գործատուն ինքն է ընտրում, թե որտեղ վերջինս անցնի վերապատրաստում, դա կարող է լինել միջին մասնագիտական հաստատություն, կարող է լինել մասնավոր կրթական կազմակերպություն, որոշ դեպքերում գործատուն հենց իրենց մոտ ունեն կրթական բաղադրիչներ և եթե ինքը գտնում է նպատակահարմար, որ պետք է գնա վերապատրաստվի, ապա մենք և՛ կրթավճարն ենք տալիս, և՛ վարձավճարը»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին պարզաբանել է, որ կա 2 իրավիճակ. առաջինը, երբ ամբողջական որակավորում տվող դասընթացն է, որի ավարտին տրվում է դիպլոմ, երկրորդը՝ որոշակի որակավորում տվող դասընթաց, դա պահանջում է լիցենզիա: «Այս պարագայում պարտադիր է, որ կրթական հաստատությունը լիցենզիա ունենա՝ լինի դա մասնավոր, թե պետական: Եվ ունենք կարճաժամկետ կրթական ծրագրեր ՝ մինչև 6 ամիս տևողությամբ, որոնք պահանջում են ոչ թե լիցենզիա, այլ երաշխավորում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ծրագրի ուսուցման ժամկետ սահմանել առավելագույնը ոչ թե 5 ամիս, ինչպես նախատեսված է, այլ 6 ամիս, քանի որ կան նաև այնպիսի դասընթացներ, որոնք կարող են տևել 6 ամիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter