HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արհեստական բանականության հայտնաբերած նոր նյութը կարող է նվազեցնել լիթիումի օգտագործումը մարտկոցներում

Ամերիկացի գիտնականներն արհեստական բանականության օգնությամբ մշակել են մարտկոցներ ստեղծելու նոր մեթոդ, որի շնորհիվ լիթիումի օգտագործումը կարող է կրճատվել 70%-ով։ 

Microsoft տեխնոլոգիական ընկերության փոխանցմամբ՝ փոխարինող նյութի հայտնաբերման վրա աշխատել են Microsoft-ի և ԱՄՆ էներգետիկայի նախարարության Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայի (PNNL) հետազոտողները:

Գիտնականներն արհեստական ​​բանականության միջոցով ուսումնասիրել են 32 միլիոն անօրգանական նյութեր, որոնք կարող են օգտագործվել մարտկոցներ ստեղծելու համար: Արդյունքում, գիտնականները սինթեզել և փորձարկել են լիթիումի և նատրիումի համադրությամբ նոր նյութ, որի մոլեկուլային կառուցվածքը հեշտացնում է իոնների շարժը:

Նոր նյութն արդեն օգտագործվել է էլեկտրական լամպը սնուցելու համար։

Մարտկոցի աշխատանքային նախատիպը ստեղծելու համար պահանջվել է ինը ամիս: Հետազոտողներն ասում են՝ եթե օգտագործվեին լաբորատոր հետազոտության ավանդական մեթոդները, այն կարող էր տևել ավելի քան երկու տասնամյակ։

Լիթիումը հաճախ անվանում են «սպիտակ ոսկի»՝ իր բարձր արժեքի և արծաթափայլ գույնի պատճառով։ Այն վերալիցքավորվող մարտկոցների հիմնական բաղադրիչներից մեկն է:

Այս մետաղի պահանջարկը մշտապես աճում է` էլեկտրական մեքենաների պահանջարկի հետ մեկտեղ: Ըստ BMI հետազոտական գործակալության՝ աշխարհում լիթիումի պակաս կարող է լինել արդեն 2025 թվականին։

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ մինչև 2030 թվականը լիթիում-իոնային մարտկոցների պահանջարկը կաճի 10 անգամ, ուստի արտադրողները մշտապես կառուցում են մարտկոցների գործարաններ։

Լիթիումի արդյունահանումը պահանջում է մեծ քանակությամբ ջուր և էներգիա, և այդ գործընթացը կարող է շատ տեսանելի հետևանք ունենալ բնական լանդշաֆտի վրա և արտադրել թունավոր թափոններ: Ավանդական լիթիում-իոնային մարտկոցները նաև անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացնում՝ հրդեհի բռնկման կամ պայթելու հնարավորությամբ:

Արհեստական բանականությամբ մշակված փոխարինող այս նյութը ստացել է նախնական N2116 անվանումը։ Microsoft-ը հայտնում է, որ արդեն աշխատում են թվային գործիքների վրա՝ արագացնելու գիտական ​​գործընթացի մյուս փուլերը։

Լուսանկարները՝ Դեն Դելոնգի/Microsoft

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter