HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում հայտնի են դարձել Գաբրիել Ատալի կառավարության անդամների մի մասի անունները

Ելիսեյան պալատը, վարչապետի պաշտոնում Գաբրիել Ատալի նշանակումից երկու օր անց, ազդարարել է կառավարության նոր կազմը։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը հայտարարել է, որ էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական ու թվային ինքնավարության նախարար Բրյունե Լը Մերը և ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը կվերանշանակվեն իրենց պաշտոններում։ Իր պաշտոնը կպահի նաև Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։ 

Կառավարության կազմում գլխավոր փոփոխությունը արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ստեֆան Սեժուրնեի նշանակումն է, որն այդ պաշտոնում փոխարինել է Կատրին Կոլոնային։ Ըստ հրապարակված ցանկի՝ Կոլոնան ֆրանսիական կառավարությունում այլ պաշտոն չի ստացել։ Ինչպես պնդում են վերլուծաբանները, նոր նշանակումը էական փոփոխությունների չի ենթարկի ֆրանսիական արտաքին քաղաքականությունը, որը փաստացի որոշվում է Ելիսեյան պալատի կողմից։

Լրատվամիջոցներում մեծ քննարկումների առիթ է դարձել մշակույթի նախարարի պաշտոնում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի աջակից ու նախկին եվրապատգամավոր Ռաշիդա Դատիի նշանակում, որը մինչ այդ զբաղեցնում էր Փարիզի 7-րդ շրջանի քաղաքապետի պաշտոնը։ Նախարարի պաշտոնում Դատիի նշանակումից հետո «Հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Էրիկ Սյոտին հայտարարել է կուսակցության շարքերից Դատիի հեռացման մասին՝ նշելով, որ կուսակցությունն ընդդիմություն է նախագահական կոալիցիայի համար։

Աշխատանքի, առողջապահության և համերաշխության հարցերով նոր նախարար է նշանակվել Կատրին Վոտրեն, որը փաստացի փոխարինելու է միանգամից երկու մարդու՝ աշխատանքի նախարար Օլիվյե Դյուսոյին ու առողջապահության ու պրոֆիլակտիկայի նախարար Օրելյենա Ռուսոյին։ Վերջինս քննադատության էր ենթարկել կառավարությանը՝ հրապարակավ հայտարարելով, որ դեմ է դեկտեմբերին ընդունված միգրացիայի մասին օրենսդրությանը։

Նոր կառավարության կազմում իր լիազորություններն ընդլայնել է նաև սպորտի նախարար Ամելի Ուդեա Կաստերը։ Հիմա նա զբաղեցնելու է ազգային կրթության, երիտասարդության, սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի նախարարի պաշտոնը։ Մինչև կառավարության կազմում վերադասավորումները, ազգային կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս վարչապետ Գաբրիել Ատալը։

Հիմնական մյուս պաշտոնները մնացել են անփոփոխ։ Գյուղատնտեսության և արդյունաբերական ինքնավարության նախարարի պաշտոնում մնում է Մարկ Ֆենոն, իսկ արդարադատության նախարարի պաշտոնում՝ Էրիկ Դյուպոն Մորետին։

Բնապահպանական անցման ու տարածքային միասնականության նախարարությունը կգլխավորի Կրիստոֆ Բեշուն, իսկ բարձրագույն կրթության ու հետազոտությունների նախարարությունը՝ Սիլվի Ռետայոն։

Նախարարներ-պատվիրակների ցանկում դեռևս երեք ազգանուն կա։ Պրիսկա Տևենոն նշանակվել է ժողովրդավարական բարեփոխումների հարցերով նախարար-պատվիրակ։ Նա կզբաղեցնի նաև կառավարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը։

Մարի Լեբեկն էլ պատասխանատու կլինի խորհրդարանի հետ հարաբերությունների համար, իսկ Համերաշխության հարցերով նախկին նախարար Օրոր Բերժեն հիմա էլ կզբաղեցնի գենդերային հավասարության ու խտրականության դեմ պայքարի հարցերով նախարար-պատվիրակի պաշտոնը։

Այսպիսով՝ հաստատվել են 11 նախարարի ու 3 նախարար-պատվիրակի պաշտոններում նշանակումները։ Կոլերի խոսքով՝ կառավարության վերջնական կազմը կհրապարակվի ուրբաթ երեկոյան՝ նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։

Լուսանկարը՝ Jeremy Bezanger/Unsplash

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter