HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն ռուս խաղաղապահներին ուղղված քննադատությունը «ապակառուցողական» է համարում

Մոսկվան Lեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հասցեին հայ քաղաքական գործիչների մեղադրանքները «ապակառուցողական» է համարում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ ռուսական կողմի՝ «դրանք փաստերը նենգափոխելու փորձեր են»։ 

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, դրանք համարում ենք ապակառուցողական և, ամենակարևորը, իրականությանը չհամապատասխանող»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Զախարովայի խոսքով՝ Հայաստանի կողմից նման հայտարարությունները հանդիսանում են «փաստերի կեղծմամբ իրենց վրայից պատասխանատվությունը հանելու փորձեր»։ «Այլ կերպ ես չեմ կարող դա գնահատել»,- ասել է Զախարովան։

Ընդ որում, ռուսաստանցի պաշտոնյան զարմացել է, թե ինչու են շարունակվում նման հայտարարությունները։ «Մենք շատ վստահելի, լավ, ամուր երկխոսություն ունենք հաստատած Հայաստանի ԱԳՆ գործընկերների հետ։ Դա ավանդական շփում էր»,- հավելել է Զախարովան։

Անդրադառնալով հայկական կողմից հնչող մեղադրանքներին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը մի քանի անգամ այս հարցով իր տեսակետը ներկայացրել է Երևանին։ «Ասել ենք այն մասին, որ դրանք, ընդհանուր առմամբ, նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և բնավ ոչնչին չեն նպաստում. ոչ երկկողմ օրակարգին, ոչ տարածաշրջանային խնդիրների լուծմանը։ Բայց, ցավոք, այնտեղ ինչ-որ մեկին դա ձեռնտու է։ Ես արդեն չգիտեմ, թե Հայաստանում է դա ինչ-որ մեկին ձեռնտու, թե Հայաստանի սահմաններից դուրս, դժվար է ասել»,- շարունակել է Զախարովան։

Զախարովան քննադատել է նաև հայ մի շարք քաղաքական գործիչների, որոնք, ըստ նրա, ձգտում են հաճո լինել Արևմուտքին։ 

«Մենք ուշադրություն ենք դարձրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնում ու Բրյուսելում ընթացող բանակցությունները միջազգային հեղինակություն ունեն և դա բանակցություններին լեգիտիմություն է ավելացնում: Մի խումբ մարդիկ, որոնք հայտարարում են նման բաներ, պարզապես կորցրել են չափի զգացումը»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն պնդմանը, որ վերջին շրջանում Երևանը ռեգրես է նկատում խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի որոշ առաջարկներում, Զախարովան հայտարարել է, թե «Մոսկվան չի բացառում, որ ռեգրեսի վերաբերյալ Երևանի հայտարարությունը կապված է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոյի Հայաստան այցի հետ»։

«Իրոք, ինչ-որ կապ կարող է լինել դրանում, որ նման եզրահանգումներ են կատարվել ամերիկյան բանագնացի Երևան այցից անմիջապես հետո, բայց դա արդեն Հայաստանի խնդիրն է», - եզրափակել է Զախարովան։

Լուսանկարը՝ Sputnik / Алексей Майшев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter