HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեճ ու հրազենային վիրավորում Արամուս գյուղում․ ձերբակալվել է գեներալ Տիրան Խաչատրյանը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։

«Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապել է Արամուս, ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվել արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։

Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը (Պաշտպանության նախարարության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան, խմբ․): 

Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե:

Հանգամանքները պարզվում են»,- հաղորդում է Ոստիկանությունը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով  Տիրան Խաչատրյանի ձերբակալման հանգամանքներին։ Գրառումը՝ ստորև․

«Տեղեկացնում եմ, որ փաստաբան Վաչե Սիմոնյանի հետ ստանձնել ենք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը։ Այս փուլում հարկ եմ համարում շեշտել, որ մամուլում տարածվող տեղեկատվություններն այն մասին, թե, իբր, գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից, չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է և նպատակ ունի բացասաբար ազդելու գեներալ Խաչատրյանի հեղինակության վրա։ Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։

Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է։

Գործի նախաքննությանը չվնասելու նպատակով այս փուլում զերծ կմնանք գործի մանրամասների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից, սակայն վստահեցնում ենք, որ գործի քննությունը ցույց կտա, որ որևէ խուլիգանական արարք Տիրան Խաչատրյանը թույլ չի տվել։

Առայժմ կսահմանափակվենք այս հայտարարությամբ, խնդրում ենք լրացուցիչ մեկնաբանություններ մեզանից չխնդրել, հարկ եղած դեպքում մենք ինքներս կներկայացնենք հավելյալ տեղեկատվություն` ելնելով գործի հանրային հնչեղությունից»,- ասված է գրառման մեջ։

Լուսանկարը՝ ՊՆ-ի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter