
Ոստիկանապետի սերը Mercedes-Benz-երի նկատմամբ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեծ սեր ունի Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաների նկատմամբ: Դա է վկայում ոստիկանապետի 2011 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նշված տարում նա ձեռք է բերել երկու ավտոմեքենա, երկուսն էլ Mercedes-Benz 500 մակնիշի: Վլադիմիր Գասպարյանը ավտոմեքենաները ձեռք է բերել համապատասխանաբար` 10 միլիոն եւ 56 միլիոն 388 հազար դրամ արժողությամբ: Նույն տարում 48 միլիոն դրամով ոստիկանապետը վաճառել է իր Mercedes-Benz G-55 AMG մակնիշի ավտոմեքենան:
2011 թ. Վլադիմիր Գասպարյանը ստացել է 61 միլիոն 855 հազար 936 դրամի եկամուտ, որից 8 մլն 818 հազար 424 դրամը աշխատավարձն է, 1 մլն 37 հազար 512 դրամը դարձյալ աշխատավարձն ու դրան հավասարեցված այլ վճարումները, 48 միլիոն դրամը գույքի օտարումից ստացված եկամուտը (հավանաբար Mercedes-Benz G-55 AMG մակնիշի ավտոմեքենայի), ինչպես նաեւ ոստիկանապետի ստացած նվիրատվությունը` 4 մլն դրամ:
2011 թվականի սկզբին Վլադիմիր Գասպարյանն ունեցել է 6 մլն, իսկ տարեվերջին` 500.000 դրամ, ինչպես նաեւ անփոփոխ մնացած 2000 ԱՄՆ դոլար:
Համեմատության համար նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը, երբ պաշտպանության նախարարի տեղակալ էր, ավելի համեստ եկամուտներ ուներ: 2010 թ. նա հայտարարագրել էր 9 մլն 580 հազար 829 դրամ: Իսկ ավտոմեքենա ձեռք բերելու փոխարեն վաճառել էր «Renger Rover» մակնիշի ավտոմեքենան:
Ամուսնուց ավելի շատ դրամական միջոց ունի Վլադիմիր Գասպարյանի կինը` Իրինա Գասպարյանը: Վերջինս 2011 թ.սկզբին ունեցել է 3 մլն 200 հազար դրամ, իսկ տարեվերջին` 1 մլն դրամ:
Իրինա Գասպարյանի եկամուտը եղել է աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները` 720 հազար դրամ, ստացած 15 հազար ԱՄՆ դոլար նվիրատվութունն, ինչպես նաեւ բնամթերքով ստացած ժառանգությունը, որն արժեցել է 58 միլիոն 6 հազար 250 դրամ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել