«Շրջակա միջավայրի նախարարությունը 10 րոպե չի ուշանում, այլ 10 րոպե շուտ է գալիս». նախարար Սիմիդյանն ամփոփեց անցած տարին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ասուլիսով պետք է անցնող տարին ամփոփեր: 10 րոպե ուշացումով նախարար Սիմիդյանը մտավ նիստերի դահլիճ: Նախարարից հետաքրքրվեցինք, թե արդյոք շրջակա միջավայրին վերաբերող հարցերին ու խնդիրներին էլ է նույն ճշտապահությամբ վերաբերվում: Նախարարն արդարացավ, որ ուշացող լրագրողներով էր պայմանավորված նաև իր ուշացումը, և ինքը սպասում էր, որ բոլոր գրանցված լրագրողները ներկայանային: «Շրջակա միջավայրի նախարարությունը 10 րոպե չի ուշանում, ՇՄՆ-ն 10 րոպե շուտ է գալիս»,- մեր դիտարկմանն արձագանքեց նախարարը:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի դիտարկմամբ` 2023 թվականը նախարարության համար ակտիվ տարի է եղել: Այդ ակտիվության հիմնական օրինակ նա նշում է էկոպարեկային ծառայության մասին օրենքի ընդունումը, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել: Այժմ ընթացքի մեջ են ենթաօրենսդրական ակտերի նախագծման և ընդունման գործողությունները:
Հաջորդ ձեռքբերումը, ըստ նախարար Սիմիդյանի, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի նոր տարբերակի մշակումն էր, որի ընթացքում երեք խնդիր է առաջադրվել` փորձել պարզեցնել ՇՄԱԳ փորձաքննության գործընթացը: Ըստ նախարարի` օրենքի նախկին խմբագրությունը բարդացրել էր այդ գործընթացը, իսկ պարզեցված ընթացակարգով արդյունավետությունը բարձր կլինի: Օրենքը նաև հանրության ներգրավվածությունը բարձրացնելու նպատակ է ունեցել: Ավելին, եթե նախկինում համայնքի ղեկավարի ստորագրությամբ էր հաստատվում հանրային քննարկումը, ապա այժմ այդ գործառույթը դրվել է ավագանու վրա: Բացի նշվածներից, օրենքի կարգավորումները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին ու կարգավորումներին:
Նախարարից հետաքրքրվեցինք, թե ինչպես է բարելավվել օրենքը, երբ տնտեսվարողը սկսում է կառուցապատումը, որոշ դեպքերում նույնիսկ ավարտում, դրանից հետո ձևական ներկայացնում փաստաթղթերը փորձաքննության: Օրինակ` Ապարանում գործող հսկա լեռնադահուկային համալիրը: Նախարար Սիմիդյանն ասաց, որ նոր օրենքով դաշտային ուսումնասիրության հնարավորություն է ստեղծվել, նախկին օրենքն այդ հնարավորությունը չէր տալիս, և փորձագետը փորձաքննությունն իրականացնում էր տնտեսվարողի ներկայացրած տեղեկատվության հիման վրա: Նոր օրենքը դաշտային ուսումնասիրության հնարավորություն է տալիս, և եթե նման դեպքեր լինեն, կկանխվեն:
Նախարարը խոստացավ ծանոթանալ մեր նշած դեպքին և առանձին անդրադառնալ:
Հաջորդ բարելավումը, ըստ նախարարի, վերաբերում է ջրօգտագործման ոլորտին: Մասնավորապես, 2024 թ. հունվարի 1-ից ստորգետնյա ջրերի օգտագործումը պետք է փակ շրջանառության համակարգով իրականացվի: Նախարար Սիմիդյանը համոզված է, որ այս կարգավորումը կենսական նշանակություն ունի, քանի որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի կառավարումը տխուր պատկերի է հասցրել:
Հունվարի 1-ից նաև բոլոր ջրօգտագործողները պետք է առցանց էլեկտրական ջրաչափերով աշխատեն: Բոլոր տնտեսվարողներն իրենց ջրառի կետերում պետք է առցանց ջրաչափեր ունենան, և նախարարությունը օնլայն ռեժիմով կկարողանա հետևել նրանց: Գետերի էկոթողքի կետերում նույնպես պետք է ջրաչափեր տեղադրվեն, որպեսզի հասկանան` էկոլոգիական թողքը մնում է գետում, թե ոչ:
«Արդեն 500 ջրառի կետերում ունենք առցանց ջրաչափեր»,- հայտարարեց նախարար Սիմիդյանը:
Այս ոլորտում նաև հստակեցվել են ջրօգտագործման թույլտվության համար սահմանված փաստաթղթերը:
Էկոհամակարգի վերականգնման նպատակով 231 hազար իշխանի մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ: 2022-2023թթ. 600 տոննա քվոտա է սահմանվել, բայց 2023 թվականի տվյալները լավ բանի մասին չեն վկայել: Ձկնորսները կամ արդյունահանողներն ընդամենը 390 տոննայի համար են դիմել:
EU4sevan ծրագրով աշխատանքներ են տարվում Գավառի մաքրման մեխանիկական կայանի կառուցման ուղղությամբ, այս տարի հույս ունեն բացել կայանը:
Սևանա լճի մոնիթորինգի համար բյուջեից շուրջ 60 մլն դրամ է հատկացվել, որը առաջին անգամ էր:
Միջազգային համագործակցության շրջանակներում 21 ծրագիր է իրականացվում ընդհանուր` 84 մլն դոլարի չափով: Շուրջ 9 նոր ծրագիր պատրաստման փուլում են, եթե դրանք էլ մեկնարկեն, ապա 32 մլն դոլարի ֆինանսական կարողություն կուղղվի կենսաբազմազանության պահպանմանը:
Մեկնաբանել