
Շվեյցարիան կգումարի Ուկրաինայի հարցով խաղաղության գլոբալ գագաթնաժողով. ՌԴ-ն չի հրավիրվի
Շվեյցարիան մտադիր է պետությունների ղեկավարների մակարդակով համաշխարհային գագաթնաժողով հրավիրել, որը նվիրված կլինի ուկրաինական հակամարտությանը։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը։
«Պարոն Զելենսկին ինձ հարցրեց, թե արդյոք Շվեյցարիան պատրաստ կլինի բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել։ Ես հաստատեցի։ Շվեյցարիան պատրաստ կլինի նման համաժողով կազմակերպել։ Մենք պայմանավորվել ենք, որ խորապես կզբաղվենք այդ հարցով, որպեսզի խաղաղության գործընթացը հաջողվի»,- հավելել է նա։
Զելենսկին, իր հերթին, ասել է, որ Շվեյցարիան և Ուկրաինան հանդիպման նախապատրաստական աշխատանքները կսկսեն արդեն վաղը՝ հունվարի 16-ին:
Դատելով Զելենսկիի մեկնաբանությունից՝ գագաթնաժողովին Ռուսաստանի ներկայացուցիչները չեն հրավիրվի։ «Մենք բաց ենք աշխարհի բոլոր այն երկրների համար, որոնք հարգում են մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ուստի եզրակացություններ արեք, թե մենք ում ենք հրավիրում»,- մասնակիցների վերաբերյալ հարցին պատասխանել է Ուկրաինայի նախագահը։
Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնացիո Կասիսը նախօրեին հայտարարել էր, որ վաղ թե ուշ Մոսկվային պետք է ներգրավել բանակցություններին, «քանի որ խաղաղություն չի լինի առանց Ռուսաստանի, որը պետք է ասի իր խոսքը»։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել