HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում։ Հայտնում է համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժինը։

«2024 թվականի հունվարը ԱՀԿ կողմից հայտարարվել է արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման մեկամսյակ, որի շրջանակում էլ անցկացվեց միջոցառումը:

Քննարկմանը մասնակցեցին մանկաբարձ-գինեկոլոգներ, ուռուցքաբաններ, իմունոլոգներ, ԵՊԲՀ ուսանողներ, կլինիկական օրդինատորներ: Այն վարեց ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ նա շեշտեց, որ նմանատիպ հանդիպումները լինելու են շարունակական։

 «Խորհրդանշական է, որ հենց առաջին միջոցառումը «Հերացի» վերլուծականը՝ իմ ղեկավարությամբ, սկսում է արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման միամսյակի շրջանակում։ Շատ ուրախ եմ, որ մեր լսարանն առավելապես հագեցած է երիտասարդ մասնագետներով, որովհետև իրազեկման բեռը հենց ձերն է լինելու», - նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։

Անդրադառնալով առկա համաճարակաբանական իրավիճակին՝ մասնագետն ընդգծեց «Արգանդի պարանոցի քաղցկեղի հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսային վարակն է, որը վերարտադրողական համակարգի ամենատարածված վարակն է այսօր։ Այսպես թե այնպես սեռական կյանքով ապրող մարդկանց 90%-ը վարակվում է մարդու պապիլոմավիրուսային վարակով, բայց մոտ 10%-ի մոտ է այն ունենում կլինիկական դրսևորում»։ 

Ամբողջ աշխարհում, ըստ պրոֆեսորի, արգանդի պարանոցի քաղցկեղը 4-րդն է կանանց քաղցկեղային պաթոլոգիայում, իսկ Հայաստանում այս խնդիրը 2-րդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ 

«2020թ ամբողջ աշխարհում գրանցվել է 604 հազար նոր դեպք և 342 հազար մահացու դեպք, իհարկե, մեծ մասը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ 2008 թվականին գերմանացի բժիշկ-գիտնական, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Հարալդ Ցուր Հաուզենը ստացավ Նոբելյան մրցանակ արգանդի պարանոցի քաղցկեղի և մարդու պապիլոմավիրուսի (HPV) կապը հայտնաբերելու համար։ Բժշկական համալսարանի ջանքերով մենք հանդիպեցինք նրան և հնարավորություն ունեցանք անձամբ ուղղելու մեզ հետաքրքրող հարցերը։ Գիտնականի հետ շփումը բեկումնային եղավ, և ինքս այդ շրջանում պատվաստվեցի Հայաստանում ներդրված պատվաստանյութով», - հայտնեց Մերի Տեր-Ստեփանյանը։ 

Մասնագետը ներկայացրեց պապիլոմավիրուսների դասակարգման հիմնական խմբերը և կանխարգելման մակարդակները, սկրինինգ հետազոտությունների առավել ընդունելի մեթոդները, Հայաստանում ներդրված 3 հիմնական պատվաստանյութերը, պատվաստման գործընթացի մանրամասները, պատվաստումային ընդգրկվածությունը։ 

Անդրադառնալով հակացուցումներին՝ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է՝ պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան:

Քննարկման ընթացքում վկայակոչվեց ԱՀԿ գլոբալ ռազմավարությունը արգանդի պարանոցի քաղցկեղի վերացման ուղղությամբ, որը սահմանում է տարեկան նոր դեպքերի կրճատում մինչև 4 կամ ավելի քիչ` 100.000 կանանց հաշվով, և երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար

  1. 15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի, 
  2. Կանանց 70%-ը սկրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով՝ 35 և 45 տարեկանում,
  3. Արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա:

«Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով այս պահի դրությամբ գրանցվում է 16 դեպք։ Հետևելով այս 3 կետին՝ մենք 4 անգամ պետք է նվազեցնենք հիվանդացության մակարդակը։ Այս պահին մեր երկրում 10%-ով է նվազեցվել այդ ցուցանիշը», - տեղեկացրեց բուհական տանիքի ներքո հրավիրված միջոցառման հիմնական բանախոսը: 

Քննարկվող թեմայի շուրջ ելույթ ունեցավ  ԵՊԲՀ մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գեորգի Օկոևը: 

  «Արգանդի  պարանոցի քաղցկեղն, իհարկե, շատ լուրջ խնդիր է, սակայն  քաղցկեղների այն շարքում է, որը ճիշտ և  ժամանակին բուժելուց հետո երբեք չի կրկնվում: Այս ախտորոշման հետևանքով կորուստ ունենալը մեծ թերություն է և' առողջապահական համակարգի համար, և' մասնագետների», - ընդգծեց այս ոլորտի անվանի ներկայացուցիչը` հիշելով այն տարիները, երբ  մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման ժամանակ բազմաթիվ անհիմն, ոչ գիտահեն կարծիքներ հնչեցին, մինչդեռ պրոֆեսորը մատնանշեց եվրոպական երկրների, մասնավորապես` Իսլանդիայի օրինակը, որտեղ  այս ուղղությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել: 

Թեման նա արդի  համարեց` հույս հայտնելով, որ արգանդի պարանոցի քաղցկեղից մեր երկրում ևս մահացության ցուցանիշը կկազմի 0: 

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Իմունականխարգելման պորտֆոլիոյի ղեկավար Լյուդմիլա Նիազյանը ևս հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի հասնել նախանշված արդյունքներին:  

Աշխատանքները, նրա խոսքով, շարունակական կլինեն ինչպես բժիշկների, այնպես էլ ուսանողների, կլինիկական օրդինատորների հետ: 

Լյուդմիլա Նիազյանի փոխանցմամբ` մինչև 2024 թվականը ԱՀԿ-ն ծրագրում է Հայաստանում հասնել ՄՊՎ-ի դեմ պատվաստումների մինչև 80 տոկոս ծածկույթի: 

Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի գինեկոլոգիայի բաժնի վարիչ  Շուշանիկ Գրիգորյանը ևս խոսեց ՄՊՎ-ի դեմ պատվաստումների մասին: 

Բժշկի խոսքով` մասնագետների` ընտանեկան բժիշկների, թերապևտների, գինեկոլոգների թիմային աշխատանքի գլխավոր արդյունքը մարդու պապիլոմավիրուսային վարակի կանխարգելումն է և վաղ հայտնաբերումը: 

Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների կազմակերպման, բնակչության իրազեկման բարձրացման գործում, ինչպես նաև  տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում 30-60 տարեկան կանանց շրջանում ՊԱՊ թեստի միջոցով արգանդի վզիկի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով սկրինինգային հետազոտության հնարավորինս գրագետ, պատշաճ իրականացման գործում  նա մեծապես կարևորեց առողջության առաջնային պահպանման օղակում  աշխատող յուրաքանչյուր բժշկի բարեխիղճ և որակյալ աշխատանքը: 

ԵՊԲՀ ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ուռուցքաբանական կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը ևս փաստեց, որ մասնագիտական տեսակետից եզակի իրավիճակ է, երբ քաղցկեղը կարելի է կանխարգելել, և վաղ ախտորոշման դեպքում արգանդի վզիկի քաղցկեղը բարեհաջող բուժման ամենաբարձր ցուցանիշներ ունեցող քաղցկեղի տեսակներից է։ 

«Արգանդի վզիկի քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերվելու դեպքում կինը, իսկ սովորաբար պացիենտները երիտասարդ տարիքի կանայք են, ունի հնարավորություն ապաքինվելու,  սակայն` բավականին ծանր, ռադիկալ մեծ վիրահատություն կատարելու գնով, երկրորդ փուլի դեպքում վիրահատությունը չի համարվում հիմնական բուժում, և հիմնական բուժումը  քիմիաճառագայթային բուժումն է, ժամանակակից գործելակարգերով սահմանված` ավելացվել է  նաև իմունաթերապիան», - մանրամասնեց նա: 

Մերի Տեր-Ստեփանյանը հորդորեց ներկաներին ակտիվ հարցադրումներ ուղղել: 

Հնչող հարցերից մեկը վերաբերում էր բուժաշխատողների շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ իրազեկմանը, թեմայի շուրջ լսված միֆերին` հենց տեղում` մասնագետների կողմից պարզաբանումներ ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter