ԵՊՀ շրջանավարտները դիպլոմները ստացել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բակում
Հուլիսի 1-ի լույս երկուսի գիշերը Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական կուրսի շուրջ 100 ուսանողներ Ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի նախաձեռնությամբ եւ անմիջական մասնակցությամբ 3 օրյա շրջագայության էին մեկնել Արեւմտյան Հայաստան: Ուսանողներն իրենց դիպլոմները ստացել են հենց պատմական Հայաստանի հողի վրա՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բակում:
Բակալավրիատի ուսանողներից Մուշեղ Միդոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ անցել են շուրջ 2500 կմ ճանապարհ, սակայն նախնիների հողի վրա դիպլոմ ստանալու ցանկությունն այնքան մեծ էր, որ հոգնածություն չեն զգացել:
Մուշեղի պատմելով՝ Հայաստանի սահմանը հատել են Բավրայի անցակետով: Ուսանողներն անցել են Վրաստանի կազմում գտնվող հայկական բնակավայրերով, իսկ ճաշել են՝ Ախալցխայում:
«Հատելով վրաց-թուրքական սահմանը եւ հայտնվելով թուրքական կողմում՝ ոչ մի օտարություն չզգացինք: Այնտեղ մեզ զգում էին ինչպես Երեւանում, Արմավիրում կամ Հայաստանի որեւէ այլ վայրում: Զմայլվեցինք Կղարջքի լեռներով, անտառներով փարթամ ու ալպիական մարգագետիններով, զովացանք ճանապարհի լեռնային աղբյուրի սառը ջրով: Ճանապարհը տանում էր դեպի Կարս, իսկ բլրի վրա երեւում էր Կարսի բերդը՝ կուռ ու անմատչելի»,-ոգեւորված պատմում էր Մուշեղը:
Նա նշեց, որ երիտասարդ պատմաբանները ականատես են եղել մզկիթի վերածված Առաքելոց վանքի տխուր տեսարանին: Ասում է, որ Կարսում դեռեւս պահպանվել էին հայկական ոգով կառուցված բնակելի եւ վարչական շենքերը, որոնք հիշեցնում էին Գյումրու հին շինությունների ոճը: «Ծանր էր տեսնել քո նախնյաց բերդը՝ վրան ծածանվող օտար դրոշով»,-ավելացրեց Մուշեղը:
Կարսում ճաշելուց հետո ուսանողների խումբը ճանապարհվել է Բայազետ: Ճանապարհն անցել են Իգդիրով, Արաքսի ափով ու հայտնվել Հայկական պար լեռնաշղթայի հակառակ կողմում:
«Բայազետ քաղաքում հայի մասին հիշեցնող բան չտեսանք, հյուրանոցում լուսացնելուց հոտո,առավոտյան շարժվեցինք քաղաքից բավականին հեռու գտնվող Բայազետի «Դարոյնք» բերդ, որը գտնվում էր կիսաավեր վիճակում, սակայն հիշեցնում էր, որ ժամանակին անմատչելի ամրություն է եղել: Ի դեպ, Րաֆֆու «Խենթ» վեպի հերոս Վարդանը հենց այս բեդում էր պաշարված»,-պատմում է Մուշեղը:
Բայազետից հայ ուսանողների խումբը բռնել է Վան տանող ճանապարհը: Տեսել են Բերկրիի ջրվեժը իր ճոճվող կամուրջով:
Աղթամար կղզի հասել են նավակներով: «Մեր այցելության ժամանակ Վանա լիճը հանդարտ էր պարզ ու զուլալ: Սուրբ Խաչ եկեղեցում մեր աղոթքն հղեցինք առ Աստվաց՝ հայրենի հողն ազատագրելու հույսով, ուր կլինենք ոչ թե հյուր, այլ տանտիրոջ իրավունքով»,-ավելացրեց Մուշեղ Միդոյանը հպարտանալով, որ իր ընկերների հետ լողացել են Վանա լճում:
ԵՊՀ շրջանավարտների հետ ուխտագնացության մեկնած հոգեւորականը մի քանիսին մկրտել է եկեղեցուն կից մատուռում, ինչից հետո երիտասարդ պատմաբանները հենց լճի ափին համտեսել են Վանա տառեխ ձուկը:
«Հայավարի» քեֆ անելուց հետո երեկոյան եղել են Վանա բերդում, այնուհետեւ այցելել են «Վանա կատվի տուն» եւ հիացել այնտեղ բուծվող կապույտ-կանաչ աչք ունեցող չորքոտանի կենդանիներով:
Մուշեղի պատմելով՝ ուխտագնացության վերջին օրը եղել են Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիում:
«Անիի տեսարանը աննկարագրելի էր: Մեր առջեւ հառնում էր հազար ու մի եկեղեցիների քաղաքն իր ավերակներով, կիսաավեր եկեղեցիներով, կիսականգ պարիսպներով: Եղանք Սբ. Գրիգոր Ապուղամրենց, Անիի Մայր Տաճար Սբ. Կաթողիկե, Հոնենցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Փրկիչ եկեղեցիներում, տեսանք Անիի կամուրջը, պարիսպները, քարանձավային բնակավայրերը: Հիմա բառերով նկարագրելը պարզապես անհնար է: Ուղեւորությունն թողեց աննկարագրելի տպավորություն, վառ հիշողություններ, երբեւէ վերադառնալու վճռականությամբ համակեց շրջանավարտներիս: Եթե անկեղծ, ապա ավելի ամրապնդվեց պահանջատիրության գաղափարը: Իսկ դիպլոմների հանձնումը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բակում իրոք պատմականեր հուշ էր, որ կուղեկցի մեր ամբողջ կյանքում»,- ավելացրեց Մուշեղ Միդոյանը:
Շրջանավարտները ճանապարհորդությունը կազմակերպելու համար խորին շնորհակալություն են հայտնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին եւ նշում, որ հայրենի հողից ուժ ստացած են վերադարձել այժմյան Հայաստան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել