HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության ճիշտ և սխալ քայլերը

Ե՛ւ մինչև 2018թ.-ն, և՛ դրանից հետո ես շատ եմ գրել տնտեսական արտոնությունների վնասակարության և անթույլատրելիության մասին։ Արտոնություններն ինքնին վնասակար են բոլոր երկրների, բոլոր տնտեսական համակարգերի և ցանկացած մակարդակների կառավարությունների դեպքում։ Արտոնությունը հաջողակ ընկերությունների հարկերի հաշվին ինչ-ինչ ընկերություններին ֆինանսավորելն է, այսինքն ուղղակի վերացնում է արդար մրցակցությունը, իսկ մրցակցությունը նորարարությունների և զարգացման հիմնական նախապայմանն է։ Իշխանությունների կողմից տնտեսական արտոնություններ տալը կոռուպցիայի դասական ձև է։ Կոռուպցիա կոչվում է իշխանական լծակները օգտագործելով օգուտներ ստանալը։

2018թ. իշխանափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության առաջին քայլերը հուսադրող էին։ Վերացվեցին մեռելոցները և նոր տարվա՝ մոտ տասը օրերը ոչ աշխատանքային հայտարարելու նախկին որոշումները։ Դա լուրջ ազդանշան էր, որ նոր կառավարությունը ձգտելու է առողջ տնտեսական քաղաքականություն վարել։ Մյուս շատ դրական որոշումներից էին եկամտահարկի հարթ սանդղակ սահմանելը և շահութահարկի 23%-ը փոխարինելը 18%  շահութահարկով և 5% դիվիդենտի հարկով։

Եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակը եկամուտների կամայականորեն վերաբաշխման մեխանիզմ է։ Եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակի փոխարեն հարթ սանդղակ սահմանելն ընկալվեց այնպես, թե կառավարությունը հասկանում է, որ լավ աշխատանքն ամեն կերպ պետք է խրախուսվի։ Տրամաբանական հաջորդ քայլը պետք է լիներ բոլոր տեսակի վերաբաշխումները՝ արտոնությունները, դրամաշնորհները վերացնելը և արդար մրցակցային դաշտ ստեղծելը։ Սակայն կառավարությունն ընտրեց վերաբաշխման այլ, ավելի կոշտ և բոլորովին անտրամաբանական միջոց։ Կառավարությունը սկսեց մեծացնել արտոնությունների ցանկը և արտոնություն ստացող ընկերությունների քանակը։ Եթե պրոգրեսիվ եկամտահարկի դեպքում քիչ աշխատավարձ ստացողները մի քանի տոկոս քիչ եկամտահարկ էին մուծում, ապա այժմ արտոնյալ ընկերություններում աշխատող և ահռելի աշխատավարձ ստացողներն են ավելի քիչ եկամտահարկ մուծում, այն էլ շատ ավելի քիչ, ընդամենը 10 տոկոս։ Ընդ որում այդ ընկերություններն ազատված են նաև շահութահարկից։ Սա արտոնությունների սոցիալական դրսևորումն է։

Կա նաև տնտեսականը։ Խախտվում է արտոնությունից օգտվող և չօգտվող ընկերությունների միջև արդար մրցակցության որևէ հնարավորություն։

Այս երկու քայլերը՝ եկամտահարկի հարթ սանդղակ սահմանելը և հարկային արտոնություններ ու դրամաշնորհներ տալը, տրամագծորեն հակառակ տրամաբանության մեջ են։ Առաջինը խթանում է աշխատանքը, երկրորդը խանգարում է։ Անհասկանալի է, թե ինչպես է նույն կառավարությունն ընդունել այս երկու իրար հակասող որոշումները։

Կառավարության հաջորդ ճիշտ քայլը վերաբերում է շահութահարկին։ Նախկին 23% շահութահարկն անմիջապես վճարելու փոխարեն, սահմանվեց 18% շահութահարկ, որը պետք է վճարվի անմիջապես, և 5% դիվիդենտի հարկ, եթե գործարարը որոշում է շահույթի մի մասը կամ ամբողջը վերցնել որպես դիվիդենտ։ Այս մոտեցումը խթանում է ներդրումներ անելը։ Շատ երկրներում շահութահարկ ընդհանրապես չկա։ Եթե ընկերությունն ամբողջ շահույթը ուղղում է ներդրում անելուն, շահութահարկ ընդհանրապես չի տալիս։ Սա տնտեսությունը և ներդրումները խրախուսելու ճիշտ մոտեցում է։

Մեր՝ «Հայկական Ծրագրեր» ընկերությունն արտոնությունները և ընդհանրապես կառավարության բոլոր տարբերակված մոտեցումները տնտեսվարողներին համարում է անընդունելի, մենք սկզբունքորեն չենք դիմել որևէ արտոնություն ստանալու համար։ Այս պայմաններում մեր ընկերությունը հաջողակ, շահութաբեր ընկերություն է։ Շահույթների մեծ մասը մենք կուտակում ենք և ուղղում ենք ներդրումների։ Եւ ահա, դեկտեմբերի վերջերին մեզ զանգեցին ՊԵԿ-ից։ Առաջարկում էին բաշխել կուտակված շահույթը և մուծել դիվիդենտի 5% հարկը։ Մեր տարակուսանքին ի պատասխան, մեզ հանգստացրին ասելով, որ միայն մեզ չեն զանգել, կազմել են շահույթով աշխատող ընկերությունների ցանկը, զանգում են բոլորին և առաջարկում են մուծել դիվիդենտի հարկը։ Այսպիսով Կառավարությունը մի կողմից խրախուսում է ներդրումները, մյուս կողմից խանգարում է արդյունավետ աշխատող ընկերություններին ներդրումներ անել։

Ես սկսում եմ կասկածել, որ կառավարությունը ճիշտ քայլերը սխալմամբ է անում և շտապում է ուղղել այդ սխալները։ 

2023թ. տարեվերջին կառավարությունը հայտնեց, որ ՏՏ ոլորտի 47 կազմակերպությանը տրված 7,857,245,293 դրամի հերթական աջակցության շնորհիվ ստեղծվել է 5,854 աշխատատեղ։ Հետևապես որոշվել է մյուս տարի հատկացնել ևս 7 մլրդ աջակցություն։ 

Այս թվերը հարցեր են առաջացնում։

Առաջինը։ Ստեղծվել է 5854 թափուր աշխատատե՞ղ, թե՞ այդ աշխատատեղերը համալրված են աշխատողներով։ Օրինակ մեր կազմակերպությունում կա 250 աշխատատեղ, որից 230-ը համալրված է, իսկ 20-ը՝ թափուր։

Երկրորդը։ Կառավարությունը մեծ ճշտությամբ հաշվել է աշխատատեղերի քանակը․ պետք ենթադրել, որ նա գիտի այդ թեմայով ամեն ինչ։ Եթե այդ 5854 աշխատատեղերում կան աշխատատողներ, ապա պետք է նաև ասվի, թե այլ կազմակերպություններում քանի աշխատող է ազատվել աշխատանքից։ Որովհետև, եթե կառավարության աջակցության պատճառով երկրի մի շարք կազմակերպություններից ուղղակի արտահոսք է եղել դեպի աջակցություն ստացած կազմակերպություններ, ուրեմն կառավարության այս քայլը պարզ վնասարարություն է։

Երրորդը։ Եթե արտահոսքի պատճառով չէ՛, որ համալրվել են այդ 5854 աշխատատեղը, ապա որտեղի՞ց են նրանք հայտնվել։ Այսօրվա մեր և՛ դպրոցական, և՛ բուհական կրթության մակարդակն անընդունելի ցածր է։ Մեծ վերապահումներով կարելի է ասել, որ բուհերը տարեկան տալիս են մի 100-150 ՏՏ մասնագետ։ Որտեղի՞ց են հայտնվել մնացածը։

Ես վստահ եմ, որ կառավարությունում ոչ մեկը այս հարցերը չի տվել։ Բոլորը գիտեն Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարությունների սուտ թվեր և արդյունքներ ներկայացնելու գործելաոճը։ Գիտեն, որ վարչապետը սիրում է հաջողությունների մասին զեկուցումները, թեև գուցե ինքն էլ է հասկանում դրանց սուտ լինելը։

ՏՏ ոլորտի հետ կապված կան ուրիշ շատ արտոնություններ և ծախսեր։ Փորձենք գնահատել դրանք։

Արդեն քանի տարի ՏՏ ոլորտի կազմակերպությունների մի մասը որոշակի պայմանների բավարարելու դեպքում ստանում է զգալի արտոնություններ։ Նրանք ազատվում են շահութահարկից, իսկ եկամտահարկ մուծում են 10%։ Այդ պայմաններից կարևոր է մեկը, որ կազմակերպությունը պետք ունենա 30-ից պակաս աշխատող։ Շատ կազմակերպություններ ուղղակի բաժանվում են մասերի, որից ամեն մեկը 30-ից պակաս է և օգտվում են արտոնություններից։ Կառավարությունում սա, իհարկե, գիտեն և սա նրանց դուր է գալիս, որովհետև այսպիսով ավելանում է ՏՏ ընկերությունների քանակը։ Արտոնություն ստանում են նաև ոչ ՏՏ կազմակերպություններ՝ տեղեկատվական, դիզայներական, առևտրային, կարևորը համակարգիչ ունենալն է։ Շատերն էլ, որևէ կապ չունենալով ՏՏ-ի հետ հիմնում են նման կազմակերպություն, ուղղակի հարկերից խուսափելու համար։ Սա էլ գիտի կառավարությունը՝ բայց ըստ երևույթին ՏՏ ընկերությունների թվի ավելացումն ավելի կարևոր է քան հարկերը։ Այդ կազմակերպությունների ցանկը կար ԲՏԱ նախարարության կայքում։ Վերջին թիվը, որը ես տեսել եմ 2,800 էր։ Աներևակայելի թիվ է։ Այս նյութը գրելիս փորձեցի նայել թարմացված տվյալները, պարզվեց՝ ցանկը անհետացել է։

Կառավարությունը չի հրապարակում տվյալներ, թե այս կազմակերպությունները որքան հարկ չեն մուծել։ Սպասում ենք հստակ և ստուգելի տվյալների։ Մինչ այդ փորձենք գնահատել, թե ինչքան հարկ չի մուծվել։

Ընդունենք կա 2,500 արտոնյալ կազմակերպություն, միջինում ամեն մեկն ունի 15 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 1,000 դոլար (իրականում՝ 2,000-ից ոչ պակաս)։ Բոլորի աշխատավարձի ամսական ֆոնդը կկազմի 37,500,000, որից չմուծված միայն եկամտահարկը՝ 4,500,000 ամսական։ Տարեկան չմուծված եկամտահարկը կկազմի 54,000,000 դոլար։ 54 միլիոն ԱՄՆ դոլար։

Անցած տարի տարադրամի փոխարժեքի տատանման պատճառով որոշ ընկերությունների վճարվեց 10 միլիարդ դրամ, ինչը կազմում է 26 միլիոն դոլար։ Այս վերջին 7,857,245,293 դրամի աջակցությունը կազմում է 19,6 միլիոն դոլար։ Ընդամենը՝ 99,643,113 ԱՄՆ դոլար։

Սրան պետք է գումարել Ինկուբատորի, ԲՏԱ նախարարության, տարատեսակ ինժեներական և այլ քաղաքների վրա ծախսված միջոցները և հավանաբար էլի շատ ծախսեր, որոնց մասին իմանում ենք պատահաբար։

Այսքանը՝ մի տարում։ 2001թ.-ից այսօր ՏՏ- վրա ծախսած գումարը երևի միլիարդ դոլարին կմոտենա։ Սրանք մոտավոր, նվազեցված գնահատականներ են, որ անում ենք ստիպված, որովհետև կառավարությունը, չնայած բազում պահանջներին, երբևէ չի ներկայացրել իր ծախսերի ստուգելի բացվածքը։

Այս քայլերի օգուտը զրո է, իսկ վնասներն՝ ահռելի։

Մենք ոչ մի փաստ չունենք ձեռքբերումների մասին, բացի կառավարության ներկայացրած, իրականության հետ կապ չունեցող, 25-40% աճերի և հազարավոր աշխատատեղերի մասին ինքնագովազդներից։

Վնասակար է, որովհետև կառավարության 100-ավոր միլիոն դոլարների հասնող այս ինքնագովազդները ֆինանսավորվում են աշխատող ձեռնարկություններից հավաքված հարկերի հաշվին։ Աշխատող ձեռնարկությունները դրվում են անհավասար մրցակցային պայմանների մեջ և երկիրը զրկվում է նրանց ներդրումներից։ Ներդրում պետք է անի հաջողակ աշխատող կազմակերպությունը, ոչ թե նրա հարկերի հաշվին ինչ-որ չինովնիկ։ Մեր տնտեսությունում բացասական ընտրություն է տեղի ունենում։ Հաջողակ, ուժեղ ընկերություններին չենք թողնում զարգանալ, իսկ նրանց հաշվին թույլերը սնկի պես աճում են։

Հայաստանում ստեղծվել են հազարավոր կազմակերպություններ տասնյակ հազարավոր աշխատակիցներով, որոնք արդեն սովորել են հարկեր չմուծելուն, պետական օգնություն ստանալուն։ Դրանք առանց օգնության չեն կարողանալու աշխատել, անընդհատ օգնություն են պահանջելու, իսկ օգնություն չլինելու դեպքում ուղղակի փակվելու են։ Մյուս կողմից, ստեղծվել է տնտեսությունից, բիզնեսից չհասկացող չինովնիկական անդեմ զանգված, որի միակ զբաղմունքը բարիքները վերաբաշխելն է։ Արտոնություններ տալը, «խրախուսելը», «աջակցելը», «գերակա ոլորտները» դարձել են մեր կառավարության միակ տնտեսական գործիքը։

Ուշադրություն դարձրեք․ Ես չեմ ասում մեզ էլ արտոնություններ տվեք, առավել ևս չեմ ասում մեզ տվեք, մյուսներին մի տվեք, ինչպես այդ մյուսներն են ասում։ Ես ուղղակի ասում եմ արտոնությունները վնաս են երկրի տնտեսությանը, մի արեք։ Եթե ավելորդ գումար կա պետք է տալ կրթությանը։

Մեջբերում անեմ մի հայտնի տնտեսագետից՝ «Ամենաբարձր գնահատականը, որին երբևէ կարող է արժանանալ արտոնություն ունեցող կազմակերպությունը, դա ընդամենը անօգուտ լինելն է»։ Այս տնտեսագետը կարծում է, որ արտոնությունները վնասակար են, շատ վնասակար են։ Այս միտքը հայտնել է Ադամ Սմիթը, 1776թ․։ Այսինքն՝ արդեն 250 տարի է, արտոնությունների հարցը փակված է։ Այս հարցը չի քննարկվում։ Այսօր լրջորեն քննարկել արտոնությունների օգտակար թե վնասակար լինելու հարցը, նույնն է, թե լուրջ քննարկենք  Երկիրը տափակ է, թե կլոր կամ հավերժական շարժիչ հնարավոր է, թե ոչ։

Մեր տնտեսությունն իհարկե աճում է։ Պակասել է կաշառքը, պետական մենաշնորհները վերացվել են։ Վերջին երկու տարվա տնտեսության աճի զգալի մասը դեպի Ռուսաստան ապրանքների ռեէքսպորտն է և Ռուսաստանից փախած ՏՏ ընկերությունների ֆինանսները։ Այդ ՏՏ ընկերություններն արդեն հերթով հեռանում են Հայաստանից։ Ինչ-որ պահից, Ռուսաստանում փոփոխությունների պատճառով, միանգամից կվերանա նաև ռեէքսպորտը։ Այս նյութում նշված բացասական միտումներն ահագնացող տեմպով աճում են։ Նորից գլուխ է բարձրացնում կաշառքը։ Ասում են՝ նաև մենաշնորհները։

Պետք է պատրաստ լինել, որ տնտեսական ճոճանակը հակառակ ուղղությամբ կգնա։ Մեզ առողջ, մրցունակ տնտեսություն է անհրաժեշտ։ Պետք է լուրջ վերաբերվել տնտեսությանը։

Աշոտ Խաչատրյան

«Հայկական Ծրագրեր» Ընկերության նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter