
Գերմանիան ավելի քան 7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն: Այդ մասին նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
President Biden and I agree: we want to continue to provide Ukraine with financial, humanitarian and military support. Today, I spoke to @POTUS on the phone. Germany is providing more than seven billion euros in military goods in 2024.
— Bundeskanzler Olaf Scholz (@Bundeskanzler) January 16, 2024
«Գերմանիան 2024 թվականին ռազմական ապրանքների տեսքով ավելի քան 7 միլիարդ եվրո կտրամադրի»,- գրել է Շոլցը։
Նշվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ուկրաինային հետագա աջակցության արդիականությունը։
Շոլցը հավաստիացրել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միասնական են Ուկրաինային ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում:
Համանման հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը, որտեղ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները համակարգել են Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային հետագա անսասան աջակցությունը:
Украинская правда-ն նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը և ԵՄ-ն արգելակում են Ուկրաինային հետագա բազմամիլիարդանոց օգնության մասին որոշումները:
Ջո Բայդենը հունվարի 17-ին Սպիտակ տանը կընդունի Կոնգրեսի առաջնորդներին և առաջատար քաղաքական գործիչներին՝ քննարկելու լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքը, մասնավորապես՝ Ուկրաինային ռազմական օգնության համար:
Իսկ Օլաֆ Շոլցը հույս ունի օգտագործել փետրվարի 1-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը՝ անդամ պետություններին՝ Ուկրաինային ավելի շատ զենք ուղարկելու կոչ անելու համար:
Լուսանկարը՝ AP Photo
Մեկնաբանել