HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը դարձյալ հերքում է Ուկրաինայում կիրառման նպատակով Ռուսաստանին անօդաչուների և հրթիռների մատակարարումը

Իրանը երբեք Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ չի մատակարարել Ուկրաինայում դրանք օգտագործելու համար։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։

«Մենք երբեք որևէ անօդաչու և որևէ հրթիռ չենք տրամադրել Ռուսաստանին՝ դրանք Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։ Ուկրաինացիների հայտարարություններն այն մասին, թե իրենց դեմ իրանական անօդաչուներ են օգտագործվում, մեծ աղմուկ են ստեղծում։ Այնուամենայնիվ, նրանք մեզ ոչ մի ապացույց և ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել»,- ասել է Աբդոլահյանը։

Նա նշել է, որ Իրանը ամուր հարաբերություններ և կապեր ունի ռուսական կողմի հետ, որը իրանցի գործընկերներին «բազմիցս հավաստիացրել է որ Ուկրաինայում երբեք որևէ իրանական սպառազինություն չի կիրառվել»։

Մոսկվան և Թեհրանը շարունակում են հերքել Ուկրաինայի տարածքում կիրառման նպատակով Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու Կիևի պնդումները։ Այդուհանդերձ, Ուկրաինան պարբերաբար հրապարակում է իրանական արտադրության Shahed տեսակի խոցված անօդաչուների լուսանկարներ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրություններն անվանում է «տեղեկատվական աղբ» և ընդգծում, որ «ռուսական բանակն օգտագործում է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքեր»:

Այդուհանդերձ Թեհրանը 2022 թվականի նոյեմբերին հայտարարեց, որ Իրանը, մինչև Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը, որոշակի քանակությամբ անօդաչուներ էր մատակարարել Ռուսաստանին։ 

Լուսանկարում՝ Mohajer 10 անօդաչուն, Anadolu գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter