
Էմանուել Մակրոնը կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանին հաղթել Ուկրաինային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել բացառել Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը: Նման հայտարարությամբ Ելիսեյան պալատի ղեկավարը հանդես է եկել իր մամլո ասուլիսի ժամանակ։
«Եվրոպացիները և մենք՝ ֆրանսիացիներս, ստիպված կլինենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում նոր որոշումներ կայացնել, մասնավորապես, Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու համար»,- հայտարարել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանին հաղթել թույլ տալը կնշանակի, որ միջազգային կարգի սահմանված կանոններն այլևս չեն կարող պահպանվել»։
«Մեր բալթյան, լեհ և ռումինացի ընկերների համար կյանքն անհնար կդառնա։ Ես չեմ մոռանում նաև Մոլդովայի և կովկասյան պետությունների մասին»,- շարունակել է Ֆրանսիայի առաջնորդը։
Խոսելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի մասին՝ Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել նրա հետ։
«Ես աշխատում եմ այն ղեկավարի հետ, ում ժողովուրդն է ընտրում։ Ֆրանսիայի շահերից ելնելով ես պատրաստ եմ երկխոսություն պահպանել ում հետ էլ լինի, ինչպես դա եղել է Թրամփի հետ նրա նախագահության ողջ ընթացքում»,- ընդգծել է Մակրոնը։
Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP/Getty Images
Մեկնաբանել