
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Խարկովն ու անօդաչուներով հարձակվել Օդեսայի վրա
Ռուսական բանակը հրթիռակոծել է Խարկովի կենտրոնը։ Ինչպես հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, Խարկովի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ, ենթադրաբար, С-300 զենիթահրթիռային համալիրից։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ հրթիռակոծությունից տուժել է 19 մարդ։ Խարկովի մարզային ոստիկանության պետ Վլադիմիր Տիմոշկոյի տվյալներով էլ՝ հրթիռակոծության պատճառով զոհվել է 1 մարդ, 17-ն էլ տուժել։
Վնասվել է առնվազն 10 բնակելի շենք։ Տերեխովն ընդգծել է, որ քաղաքի կենտրոնին հարվածը «կրել է բացառապես ահաբեկչական բնույթ»։
Խարկովի հրթիռակոծությունից մի քանի ժամ անց ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Օդեսայի վրա։ Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ հարձակման ժամանակ կիրառվել է 20 անօդաչու, որից 19-ը խոցվել է ուկրաինական զինուժի կողմից։ Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է 3 տուժածների մասին։ Հարձակման հետևանքով վնասվել է 1 բնակելի շենք, որի 130 բնակիչները տարհանվել են։
Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության
Մեկնաբանել