
Գալուզինը կոչ է արել վերսկսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եռակողմ աշխատանքները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության՝ փոխնախարարը շեշտել է կարգավորման ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը։
«Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առկա իրավիճակը: Ռուսական կողմից շեշտվել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համալիրի հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում։
Ռուսական կողմը պնդում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի խնդրանքով։
Հայկական կողմը որևէ հաղորդագրություն չի տարածել այս հանդիպման վերաբերյալ։
Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։ Լուրջ խոչընդոտներից մեկը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցն է։ Երևանում պնդում են, որ սահմանազատման քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: Հայկական իշխանությունների կարծիքով՝ սահմանազատման գործընթացի համար պետք է կիրառել ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի՝ 1974-1990 թվականների քարտեզները։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել