HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ պայմանավորվածությունների մեջ. Լավրով

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև»,- նշել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ հաշվի առնելով 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները, տրամաբանություն չի տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տարանցման բացման մասին հայտարարություններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ առաջարկել է Իրանը, Ադրբեջանի համար բացել Նախիջևան տանող ճանապարհը:

Լավրովի պնդմամբ՝ եռակողմ հայտարարության մեջ նշվում է տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Հայաստանի կողմից Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցության անվտանգության երաշխավորման մասին։

«Այն, ինչ ասել է պարոն Փաշինյանը, անկեղծ ասած, ես այդտեղ որևէ տրամաբանություն չտեսա։ Դժվար թե տեղին լինի համեմատել այս երթուղիները»,- հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավարը։

«Համոզված եմ, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանն այլընտրանք գոյություն չունի։ Դրա պարամետրերն ամրագրված են եռակողմ պայմանավորվածության մեջ։ Երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության վերահսկողության ներքո։ Սկզբունքային առումով համաձայնեցվել են նաև Ադրբեջանից Հայաստան մուտքի և Հայաստանից ադրբեջանական Նախիջևան ելքի սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերը»,- շարունակել է Լավրովը։

Ռուսաստանցի նախարարը հավելել է, որ 2021 թվականին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում, երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, լիարժեք պահպանում են ինքնիշխանությունն ու իրավասությունն այդ երթուղիների նկատմամբ:

«2023 թվականի հունիսին եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում փոխվարչապետները պայմանավորվել էին սկզբի համար վերսկսել երկաթուղային շփումը: Դա համաձայնեցված էր: Պուտինը դա քննարկել էր ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան կատարած այցի ժամանակ Փաշինյանի հետ առանձին շփման ընթացքում: Շատ լավ հիշում եմ, թե որքան դրական էր ամեն ինչ, բայց հետո այդ ամենն ինչ-որ տեղ գնաց: Մենք շատ լավ հասկանում ենք, որ պայմանավորվածություններից հետ կանգնելը հազվադեպ երևույթ չէ: Ես չգիտեմ, թե ինչն է խանգարել, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև երթևեկության բացման սկզբունքների վերաբերյալ այդ պայմանավորվածությունները թղթի վրա դրվեն: Բայց մենք գիտենք, որ արևմտյան ընկերների «բարի խորհուրդները» միշտ առկա են Հարավային Կովկասում, և այդ խորհուրդները երբեմն ընդունում է գործընթացի այս կամ այն մասնակիցը»,- ընդգծել է Լավրովը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին՝ Լավրովը պնդում է, թե ռուսական կողմը երբեք հանդես չի եկել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողի դերում։

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, մենք երբեք չենք եղել այդ կապերի սառեցման նախաձեռնողը»,- նշում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Մոսկվայում հիշում են, թե ինչպես «Հայաստանի ներկայիս պաշտոնյաներից շատերը, դեռևս ընդդիմության մեջ լինելով, տարբեր քաղաքական գործընթացների, ընտրարշավների ընթացքում քարոզչություն անելով, կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից»:

Լուսանկարը՝ РИА Новости / Рамиль Ситдиков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter